Ստեղծման պատմությունը

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանը հիմնադրվել է 1990 թվականին՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ.Մադոյանի և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հր. Մադոյանի կողմից:

Համալսարանը ստեղծվել է որպես հումանիտար բուհ, որը կարող էր հետխորհրդային երիտասարդությանը տալ համաշխարհային մակարդակի կրթություն: Այն կոչվեց Պատմաբանասիրական համալսարան: Երկու տարի անց` հաջողությունների ճնշման տակ, բացվեցին տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետները, և համալսարանը կոչվեց «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան՝ ի պատիվ միջնադարի (7-րդ դ.) հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու:

Առաջին օրվանից համալսարանի ղեկավարությունն իրականացրել է կրթության բարձր որակի ապահովում: Համալսարանում դասավանդել են Հայաստանի նշանավոր գիտնականներ՝ ակադեմիկոսներ Յու. Սուվարյանը, Վ.Խոջաբեկյանը, պրոֆեսոր Ն.Թումասովը (տնտեսագիտություն), պրոֆեսորներ՝ Վ.Մադոյանը, Ռ. Մանուչարյանը, Հր․Մադոյանը (լեզվաբանություն), ակադեմիկոս Գ.Ջահուկյանը, պրոֆեսոր Լ.Եզեկյանը (հայոց լեզու)։

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանն իրականացնում է բարձրագույն ուսումնական մասնագիտական գործունեություն՝ բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերով

ՀՀ կառավարության կողմից հավատարմագրված «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանն իրականացնում է բարձրագույն ուսումնական մասնագիտական գործունեություն՝ բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերով՝ շրջանավարտներին շնորհելով պետական դիպլոմ:

2001- 2002 թթ. համալսարանն, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ընդհանուր կարգով անցել է պետական հավատարմագրում՝ բակալավրի աստիճանի մակարդակով, 2008 թվականից իրավունք է ստացել աշխատելու նաև մագիստրոսի կրթական ծրագրերով («Իրավագիտություն», «Տնտեսագիտություն», «Օտար լեզուներ. մանկավարժություն», «Ժուռնալիստիկա» մասնագիտությունների գծով):

Երեք մասնագիտությամբ («Իրավագիտություն», «Տնտեսագիտություն», «Ֆարմացիա») համալսարանն իրավունք ունի արտասահմանցիների հետ դասընթացները վարել նաև անգլերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով.  օտարերկրյա քաղաքացիներն ապահովվում են հանրակացարանով:

Համալսարանը տարբեր միջազգային բուհական միավորումների անդամ է, ուսումնական և գիտական առումներով համագործակցում է Տոլյանիի պետական համալսարանի (Ռուսաստանի Դաշնություն), Կիևի Անձնակազմի կառավարման միջռեգիոնալ ակադեմիայի (Կիև, Ուկրաինա), Ամմանի ուսումնական կենտրոնի – Սենթ–Քլեմենս համալսարանի մասնաճյուղի (Ամման, Հորդանան), Պրահայի միջազգային հարաբերությունների համալսարանի (Պրահա, Չեխիա) և մի շարք այլ բուհերի հետ:

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում դասավանդում են  արտերկրում վերապատրաստված, բարձր որակավորում ունեցող մասնագետները: Այս և նշանակալի մյուս առավելությունների շնորհիվ (մատչելի ուսման վարձ, գերհագեցած լսարաններ, արտերկրում սովորելու հնարավորություն) համալսարանը կրթում է  շնորհալի և ՀՀ տարբեր ոլորտներում, միջազգային ասպարեզներում հաջողություններ գրանցած մասնագետների:

× Whatsapp