Ակվաֆոբիա՝ վախ ջրից

Վաղը Վարդավառն է՝ Քրիստոսի պայծառակերպության օրը: Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը, քանզի շոգից պաշտպանվելու համար, ըստ խորհրդի, ինչպես ասում են երեխաները, «ջրոցի են խաղում» և ջրում անծանոթներին ու անցորդներին: Տոնը՝ տոն, բայց կան մարդիկ, ովքեր ջրից վախ ունեն, այլ կերպ ասած՝ ակվաֆոբիա…..

Ակվաֆոբիան (հիդրոֆոբիա) մշտական և անբնական վախն է ջրից, որն արտահայտվում է ջրային տարածքներում լողալու, նավարկելու և, նույնիսկ, լոգանք ընդունելու վախով: Այս ֆոբիայով տառապող մարդիկ կարող են խուսափել այնպիսի ակտիվություններից, ինչպիսիք են՝ նավակով զբոսանքն ու լողը՝ չնայած հրաշալի հմտություններին։ Ակվաֆոբիան երբեմն կարող է դրսևորվել, նույնիսկ, երբ մեկն անսպասելիորեն թրջվում կամ ցողվում է ջրով կամ, երբ ինչ-որ մեկին հրում, գցում են ջուրը:Այն համարվում է ֆոբիաների ամենատարածված տեսակներից մեկը և շատ վտանգավոր է, քանի որ խուճապային վիճակում գտնվող անձը կարող է վնասել իրեն ու մյուսներին …Ամերիկացի հայտնի դերասանուհի Միշել Փայֆերը՝ «Ի՞նչ է թաքցնում սուտը» ֆիլմի նկարահանումների կեսը <<թաց>> է անցկացրել: Նրան «խեղդել են» լոգարանում, անձրև են <<ցողել վրան>> և նույնիսկ՝ լճակների մեջ <<ընկղմել>>: Իրավիճակը բարդացրել է այն փաստը, որ Փֆայֆերը սկսել է սարսափել ջրից, և միայն մոտակայքում պրոֆեսիոնալ ջրասուզակի անընդհատ ներկայությունն է օգնել նրան հաղթահարել վախն ու շարունակել նկարահանումները:

Նույնիսկ փոքր ջրային տարածքներում դրվագներ նկարահանելիս և լոգարանում լողանալիս՝ դերասանուհին պահանջել է, որ փրկարարն իրենից, գոնե, երկու մետր հեռավորության վրա լինի: Դա բոլորվին էլ քմահաճույք չէր. այսպիսի ֆոբիայի հետ բախված մարդկանց համար ջուրը՝ նույնիսկ իր առավել անվնաս դրսևորմամբ, կարող է կապված լինել մեծ վտանգի հետ:Ակվաֆոբիայով տառապողների շարքում են նաև այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են՝ Նատալի Վուդը (ամերիկյան դերասանուհի), Կարմեն Էլեկտրան (ամերիկյան մոդել, երգչուհի և դերասանուհի), Վայնոնա Ռայդերը (ամերիկյան դերասանուհի)։ Հաստատված է, որ Նատալի Վուդը ամբողջ կյանքում տառապել է ակվաֆոբիայով և խեղդվել Կալիֆորնիայի Սանտա-Կատալինա կղզու մոտ։

Ակվաֆոբիայի վտանգն այն է, որ այն ուղեկցվում է մարմնի սոմատիկ ռեակցիաներով:Ջուրն ընկած մարդու մոտ կարող է նկատվել սրտի արագ բաբախյուն, շնչառության հետ կապված դժվարություններ, կարող են ունենալ գլխապտույտ կամ ցնցումներ: Դա վտանգավոր է նույնիսկ լոգարանում, քանզի կարող են սայթաքել և ընկնել:Ինչպես ցույց է տալիս փորձը, այս ֆոբիայի հիմնական պատճառը գալիս է մանկությունից, երբ մարդը խեղդվել կամ ջրահեղձ է եղել: Ցավը, որը ձևավորվել է ռնգային կոկորդում, սարսափը, որը դրոշմվել է մարմնի վրա՝ չի վերանում և մնում է մարդու հետ երկար տարիներ: Եվ երբ նա ջրի մոտ է՝ վախը կրկին ի հայտ է գալիս ՝ խիստ խուճապ առաջացնելով: Ակվաֆոբիայի պատճառը կարող է լինել նաև ջրի հետ կապված սարսափելի տեսարանը. նավաբեկություն, ջրահեղձ եղած մարդ. սարսափ ֆիլմեր դիտել թույլ տալը՝ ծնողների հիմնական սխալներից են:

Հոգեթերապևտներն ախտորոշումը սկսում են առաջին հերթին ֆոբիայի պատճառը գտնելով, որից հետո սկսվում են կոգնիտիվ թերապիայի սեանսները: Ճանաչողական-վարքային թերապիայի միջոցով պացինետը սովորում է ճանաչել խուճապ առաջացնող պատճառները և տիրապետում հուզական վիճակը կառավարելու տեխնիկային: Լավ արդյունքի դեպքում՝ պացինետը 1-2 ամիս հետո կարող է ազատվել իրեն ճնշող ֆոբիայից ու դրա բացասական հետևանքերից:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp