31 տարի առաջ1990թ․ օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետերից կազմված Հռչակագիր, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը։ Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»: Հռչակագրի առաջին կետով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, կրճատ
Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
- Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
Հռչակագրի ընդունման ընթացքում ամենից երկար բանավեճը եղավ Հայոց ցեղասպանության խնդիրը իրավական փաստաթղթում ներառելու շուրջ էր: Խորհրդարանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համարում էր, որ քաղաքական և դիվանագիտական տեսանկյունից Հայոց Ցեղասպանության հարցը Անկախության Հռչակագրում դնելը ճիշտ չէ: Սակայն պատգամավորների մեծամասնությունը կողմ էր հարցը մտցնել Հռչակագիր, միայն 25 պատգամավոր դեմ քվեարկեց այդ հարցին:
Անկախության հռչակագրի 11-րդ կետով ամրագրվում է.
Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
Անկախության հռչակագրի ընդունումը հայոց պետականության զարգացման պատմության մեջ սկզբնավորեց նոր՝ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանը։ ։ Այն ամրագրում էր նաև այն հիմքերը,
ռազմավարական խնդիրները, պատմաքաղաքական նախադրյալները, որոնք ընկած էին անկախության քաղաքական-իրավական գործընթացի հիմքում:
1990 թ. դեկտեմբերի 10-ին ընդունվեց «Սահմանադրական օրենք «Հայաստանի անկախության մասին» հռչակագրին համապատասխան ընդունված օրենսդրական ակտերի մասին», որի համաձայն՝ «Մինչև ՀՀ Սահմանադրության ընդունումը դադարեցվում էր գործող Սահմանադրության այն դրույթների գործողությունը, որոնք հակասում էին «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի
հիման վրա ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված օրենքներին»։
Հռչակագրի վերջին՝ 12-րդ կետն ասում էր, որ այս փաստաթուղթը հիմք է ծառայում Սահմանադրության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:
Այսպիսով, Անկախության հռչակագիրը ինչ-որ տեղ կատարում էր Մայր օրենքի՝ Սահմանադրության գործառույթ: Մինչև 1995թ․ հուլիսը, երբ ընդունվեց Սահմանադրությունը, Հայաստանի օրենսդրության հիմքը հենց Հռչակագիրն էր:
Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից՝ խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ընտրողների 99,5 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտին՝ 95% մասնակցության պարագայում։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ ՀՀ սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։
Նշենք, որ մայրաքաղաք Երևանի Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող կառավարության համագումարների շենքի ճակատային մասում, որտեղ այն ժամանակ գործում էր առաջին գումարման խորհրդարանը, տեղադրված է հուշատախտակ, որի վրա փորագրված տեքստում ասվում է. «Այս տանը 1991 թվականի օգոստոսի 23-ին ընդունվել է Հայաստանի Անկախության հռչակագիրը»: