Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Մոնթեի հիշատակին գրվել և կատարվել են բազմաթիվ երգեր, նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր: Կենսագրական տվյալներ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1972 թվականի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։ Մոնթեի՝ Ճապոնիա ուղարկելու որոշումը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիա նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։ Տաղանդավոր երիտասրադը 20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարան։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը և կազմակերպում ցուցահանդես` նվիրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978 թվականին։ Այնուհետև ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։ Նա արդեն 22 տարեկանում լիովին տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։ 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը։ 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին։ 1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստան, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ Շրջանառվում են Մոնթե Մելքոնյանի մահվան մի շարք տարբերակներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տեղեկատվական դաշտում։ Հայաստանի պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին` ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp