Եթե այս աշխարհում ապրող ամեն հայ, կարողանա հասկանալ, որ պարտք է իր հայրենիքին, պարտավոր է օգնել ու սատարել հային, մեզ հասնող չի լինի։

Այսօրվա մեր զրուցակիցը ազգասեր հայորդի Արամ Տոնոյանն է։ Համեստ, բայց հայրենիքի հոգսերով ապրող բժշկին դժվարությամբ համոզեցինք, որ պատմի իր մասին։ Այդպես է, չԷ՞, մեծ գործեր կատարողները սովորաբար քիչ են խոսում, նրանք լուռ ու մունջ իրենց գործն են անում։ Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզանից յուրաքանչյուրի համար նմանատիպ մարդկանց օրինակը կարող է վարակիչ, ոգևորող ու ապրեցնող լինել, սիրով պատմում ենք մեր կողքին ապրող բժշկի «Մի կյանքի պատմություն»–ից…

Չորս տարեկան էր, երբ իրենց տանը հավաքված հարազատների զրույցից հասկացավ, որ հայերին օգնելու համար դրամահավաք պետք է կազմակերպել ։ Հիշում է, թե ինչպես էր հայրն ասում, որ շատերին պետք է համախմբել, որպեսզի ուղարկվող օգնությունը մի հարց լուծի։ Հիշում է, թե ինչպես էր բժշկուհի մայրը հագուստ և ուտելիք բաժանում կարիքվորներին, դեղ հասցնում հիվանդներին․․․

Ու հաստատ որոշեց ՝ բժիշկ է դառնալու, հայրենքի կողքին է լինելու ՝ համախմբելով աշխարհի հայերին։ Այդպես էլ արեց …

Քսան տարուց ավելի է, ինչ հայազգի ճանաչված բժիշկն այս նշանաբանով է ապրում ամեն օր։ Աշխարհի տարբեր անկյուններում հնչեցնելով հայի անունն ու նվաճելով տասնյակ մրցանակներ, նա իր կյանքի կարևորագույն մրցանակը համարում է մարդկանց օգնելը, զինվորի կողքին լինելը։ Նրա շնորհիվ անվճար բուժօգնություն են ստանում հարյուրավոր հիվանդներ։ Արամի ու իր եղբայրների օժանդակությամբ տասնյակ մանկապարտեզներ և դպրոցներ են ջեռուցվում, ծերանոցներ ու մանկատներ են վերանորոգվում, տներ ու կացարաններ են կառուցվում։ Նրանք մշտապես այնտեղ են ,որտեղ նրանց կարիքը կա։ Զինվորի հոգսերով ապրելը, նրանց ընտանիքների կողքին լինելը՝ Տոնոյան եղբայրների կարևորագույն գործերից է։

Հենց այս նշանաբանով է Արամն իր շուրջը համախմբել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին՝ խնդրելով տարատեսակ օգնություն ուղարկել հայրենիք։ Միայն վերջին պատերազմի ժամանակ, նրա խնդրանք-կոչի շնորհիվ աշխարհի հայերը մի քանի միլիոն դոլարի օգնություն ուղարկեցին Հայաստան։ Նրա համոզմամբ մենք՝ բոլոր հայերս, մեծ ընտանիք ենք և պարտավոր ենք ապրել միմյանց հոգսերով։ Արամը վստահ է, որ այս աշխարհը սերն ու բարությունը կփրկի։ Ու երբ սերը շատ լինի, աշխարհում չարն ու ատելությունը կվերանան, ու մենք կապրենք բարության աշխարհում, որտեղ անտարբեր մարդիկ չեն լինի․․․․

Շնորհակալ ենք, ԲԺԻ՜ՇԿ…

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp