Իրադարձություններ
Գիտելիքը ոչ միայն ուժ է, այլ նաև՝ ապագա

Տեսական գիտելիքները գործնական հմտություններով համադրելը կարևոր է։
Թերևս ամենաճշգրիտ բնորոշումներից մեկը տվել է Դմիտրի Մենդելեևը. «Տեսությունը, որ չի ստուգվում փորձով, իր հայեցակարգի գեղեցկությամբ հանդերձ՝ կորցնում է կշիռը, չի ընդունվում»:
«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ուսումնամեթոդական վարչությունը, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի մշակումից, ֆակուլտետային մեթոդական խորհուրդների աշխատանքների համակարգումից զատ, կազմակերպում է նաև ուսանողների պրակտիկաները:
Պրակտիկան ուսումնական գործընթացի կարևորագույն մասն է, քանի որ նոր հմտություններ, կարողություններ ձեռք բերելու, աշխատանքային գործընթացին տեղում ծանոթանալու հնարավորություն է տալիս: Տեսողական ընկալումների և տեսական գիտելիքների համադրությամբ ուսանողը ստանում է իր ապագա մասնագիտության ամբողջական պատկերը:

Համալսարանի ռեկտորը, խոսելով պրակտիկաների մասին նշեց, որ պրակտիկան պետք է դարձնել ժամանակակից, այսօրվա հնարավորություններին համահունչ: Պրակտիկաները պետք է շատ լինեն, ուսանողին տարբեր տեղեր այցելելու, մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ պետք է տրվի։
Ուսումնական պրակտիկայի շրջանակներում ուսանողները մեծ հնարավորություն են ունենում դրսևորելու իրենց գիտելիքներն ու պոտենցիալը, աշխատելու արդեն փորձառու մասնագետների հետ, սովորելու և հետագայում նաև աշխատանքի անցնելու տարբեր կազմակերպությունում:
«Տնտեսագիտություն» ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողները մեծ ոգևորությամբ են անցկացնում ուսումնաարտադրական պրակտիկան՝ «Երևանի գարեջուր» ընկերությունում։
Նրանց ղեկավարների համոզմամբ՝ պետք է անել ամեն ինչ՝ պրակտիկաների արդյունավետությունը բարձրացնելու և տևողությունն ավելացնելու համար։ Ուսումնական պրակտիկան առավել արդյունավետ դարձնելու նպատակով պետք է կազմվեն փոքր խմբեր՝ ըստ մասնագիտական առանձնահատկությունների։
Մեզ մնում է միայն հաջողություն մաղթել բոլոր ուսանողներին , համոզմամբ, որ ստացած գիտելիքները կծառայեցնեն՝ ի շահ մեր երկրի։

