Ընթերցողի սեղանին է Վաղարշակ Մադոյանի «Մեր սերնդի ճակատագիրը» ժողովածուն, որն ընդգրկում է հեղինակի այն ստեղծագործությունները, որոնք կարելի է համարել նրա արձակի անկյունաքարերը: Հեղինակը գտել է իր աշխարհը, հերոսների շրջանը և համարձակորեն մտել է կյանքի հորձանուտը:
«Մեր սերնդի ճակատագիրը» վեպ-ժամանակագրության թեման 1990-ականների իրականությունն է, որն արտացոլում է պատմական-քաղաքական բարդ անցումները` Արցախյան պատերազմից մինչև անկախ պետականության հաստատում, և այդ ամենի արձագանքներն ու հետևանքները շարքային մարդկանց ճակատագրերում: «Այդ տարվանից ամեն ինչ փոխվեց,- գրում է հեղինակը:- Իշխանությունը: Կյանքը: Եղանակը: …Վառելիք չկար, լույսը հովհարային անջատումներով էր: …
Սկսվեց իսկական քաոս, որի համեմատությամբ Շիրվանզադեի քաոսն ընդամենը թատերական ներկայացում էր: Առաջացան նոր հասկացություններ` երկրի նախագահ, ապօրինի լարանցում, գործազրկություն…» Վախի ու ամենաթողության մթնոլորտի շրջագծից դուրս գալու միակ ելք էր մնում արտագաղթը: Մարդիկ, «որտեղ հաց, այնտե´ղ կաց» սկզբունքին հետևելով, կոպեկներով վաճառում էին ամբողջ կյանքի ընթացքում ձեռք բերածն ու մեկնում` իրենց «տունը քանդողի տանը ծառա դառնալու»: Ոմանք էլ «չքավորությունից դրդված «համեստ» գողություն էին անում, հետո մեկնում ռազմաճակատ, կատաղի մարտնչում: Մահացողները դառնում էին նահատակ, վերադարձողները մեղքերի թողություն էին ստանում: Ապրելու միջոց էր…»․․․ Ընթերցողը հերոսներից յուրաքանչյուրի մեջ տեսնում է իրեն ու իրեն շրջապատողներին: Սա է մարդուն գրականությանը մերձեցնող ճանապարհը: Վ. Մադոյանը այդ ճանապարհը կառուցող շինարարներից է: Ճիշտ է ասված՝ աշխատանքն ու որոնումը չեն ավարտվում, վաղվա օրն էլ միշտ կա, ուստի ընթերցողը վստահ սպասելու է նոր ու հետաքրքիր ստեղծագործական հայտնությունների: