Գրքի տոնին ընդառաջ

Հայրի՛կ, քո ամբողջ կյանքը ոգեշունչ պարտությունների ու փառավոր ձախողումների մի շարան է: Հայաստանում դեռ մանկուց ըմբոստ բնավորությանդ պատճառով մի քանի դպրոցներից հեռացումներ, գաղափարներիդ պատճառով կիսատ թողած բարձրագույն կրթություն, անպատասխան մնացած մանկական և մերժված պատանեկան սերեր, չստացված առաջին ամուսնություն, բաժանում, ձեռնարկատիրական գործունեության փորձի համար դատապարտում, հետո հայրենիքից հեռացում, օտար ափերում տարագիր կյանքի նվաստացուցիչ ամիսներ, տարիներ, զրոյից ինքնակայացման, մի լուսավոր օր հաղթանակած վերադարձի անվերջ ինքնախաբեություն:

Հայրի՛կ, թերի է խոսքը, որ տղամարդը պետք է ծառ տնկի, տուն կառուցի, արու զավակ ունենա: Իրականում, իսկական տղամարդն այդ ամենը պետք է հայրենիքում անի, որպեսզի պարզ ճակատով ու անխռով հայացքով առերեսվի պապերի հիշատակի հետ:

Մի նեղացի՛ր, հայրիկ, քո պարտությունների պատմությունն արժեզրկել է հայրենիք վերադառնալու որոշումից ինձ հետ պահելու քո բոլոր փաստարկները: Դու չես կարող ինձ արգելել՝ լքել այս օտարությունը: Այս միլիոնանոց քաղաքում ես միայնակ եմ, քո միլիարդների մեջ՝ սնանկ ու տկար: Մայրիկի մահից հետո, արդեն մի քանի տարի է լիարժեք չեմ կարողանում շնչել, գիշերներն արթնանում եմ քրտինքի մեջ կորած, և մի բարակ ծորուն ձայն հեռվից՝ մորս ծննդավայրի, Սյունյաց լեռներից օդում օրորում է <<Քելե՛, լաո՛…>>-ն:

Ես արդեն ինքնաթիռի տոմսերն էլ գնել եմ:

Արմանը ոսկրե թանկարժեք սեղանին դրեց Լոս Անջելես-Ամստերդամ-Երևան տոմսերը, և արաբական սպիտակ գորգի վրայով անձայն շարժվեց դեպի դուռը: Շագանակագույն փայտով ծածկված պատերից կախված ուշ միջնադարի հայտնի նկարիչների գործերի հերոսները հայացքներով ուղեկցեցին նրան:

***

Ամառային այգաբացին Իշխան սարի հետևից ծիկրակող կուսականորեն կարմիր ճառագայթները նորահարսի պես հեզիկ սփռվում էին գյուղի վրա: Գյուղացին, որ արդեն մի քանի ժամ է արթուն էր, գոմում կամ այգում ամենօրյա գործն էր անում, մի պահ գլուխը վեր բարձրացնում, նայում էր սարին, կկոցում արևից ծակծկվող աչքերն ու կրկին աշխատանքից չորացած, ճաքճքած ձեռքերն էր առնում բահը, գերանդին, մանգաղը, դույլը, կամ էլ ընտանիքը կերակրող կովի պտուկները:Գյուղից հանդը գնացող նախրի հետևից մի ձի, մի շուն և ձեռնափայտով մի հովիվ էր շարժվում, իր հետ թմբի հետևում կորցնելով գոմերի դռների մեջից հետևող հոգնած գյուղացիների հայացքները:

-Երինջս ոնց որ թե կաղում էր,-կմտածի մեկը:

-Մաշոս էս տարի կծնի,-կմտածի մյուսը:

-Քաղաքից ուղարկած էս վարտիքի ռեզինները շատ են նեղում, ցավացնում են,-կտրտնջա թոռատեր մի կին ու հաստ զգեստի վրայից կփորձի մի քիչ տեղաշարժել ցավացնող ռեզիններն իրենց կարմրացրած առուներից, և կոնքերը աննկատ կշարժի, որ հեշտացնի դրանց տեղաշարժը:

-Դաշոն էսօր լավ կաթ տվեց, Սելոյին տվեց անցավ,-մյուս գյուղացին գոհ կժպտա:

-Ամբողջ գիշեր Սեդուլիկս չքնեց, երևի ատամ է հանում,-ձեռքերը գոգնոցին կսրբի կողքի գյուղից նոր հարս եկած մեկը:

-Դաաա,-դեռ կիսաքուն ոչինչ չի մտածի, ուղղակի բազմանշանակ կձգի ծխախոտը բերանին, ծուխը չսափրած երեսն ի վեր տված, աչքերը ծխից կկոցող մի բիձուկ:

-Քավորի տանը մեծ-մեծ խոսում էր, աչքով ունքով էր անում, թե չտեսնված գիշեր է սպասում մեզ: Հարբած եկավ խոզի պես շնթռեց,-ամուսնուց մտովի կբողոքի գյուղապետարանի գանձապահ Նանոն, ում միակ առավելությունը գյուղում բոլորից մեծ դոշեր ունենալն էր:

Հատված «Հորիզոնին չհասած» գրքից

Մուշեղ Բաբայան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp