Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է:
Եվ ինձ լսելով՝
Կարող են ասել.
«Գժվե՞լ է, ի՜նչ է».
Իսկ ես էլ կասեմ.
«Այո՛, գժվե՜լ եմ, Ինչո՞ւ չգժվել»:
Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ:
Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ:
Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա, Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում՝ Գժվա՜ծ են անշուշտ:
Երկի՞րն է պտտում՝ Գժվա՜ծ է անշուշտ…
Սերմերը մինչև կարգին չգժվեն՝ Բե՛րք չեն դառնալու:
Թաթերը մինչև կարգին չգժվեն Ձե՜ռք չեն դառնալու:
Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝ Ե՜րգ չեն դառնալու…
Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի՛ժ լինեի…