«Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը». բացառիկ ցուցադրություն՝ Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շրջանակներում

Հայաստանում սեպտեմբերի 25-ին մեկնարկեցին Եվրոպական ժառանգության օրերը: Այդ միջոցառումների շրջանակում Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրով բացառիկ ժամանակավոր ցուցադրություն: Ներկայացված էին Ալեքսանդր Սպենդիարյանին առնչվող բացառիկ բնօրինակ նյութեր՝ լուսանկարներ, նամակներ, համերգային ազդագրեր և ծրագրեր, ստեղծագործությունների առաջին հրատարակություններ, կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործական ուղուն նվիրված գրականություն, սկավառակներ, ձայնապնակներ, պաստառներ:

«Այս ցուցահանդեսը լավ առիթ է ևս մեկ անգամ վերհանելու Սպենդիարյանի ստեղծագործությունների բարձրարժեքությունն ու համամարդկային նշանակությունը»,- շեշտում է Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը ողջույնի խոսքում ու հավելում, որ 20-րդ դարասկզբին Սպենդիարյանի ստեղծագործությունները հնչում էին Ռուսաստանում և արևմտաեվրոպական գրեթե բոլոր երկրներում: Կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը հենված է եվրոպական արժեքների վրա, որոնք նա իր հետ բերեց Հայաստան՝ մի ուրույն կամուրջ կառուցելով հայ և եվրոպական երաժշտության միջև:

Հայասատանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն ու Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը կարևորում են համագործակցության այս ձևաչափը։ Ի դեպ, Մարինե Օթարյանն Ազգային գրադարանին նվիրեց դիրիժոր Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գիրքը, որը կոմպոզիտորի հոբելյանի առթիվ այս տարի հրատարակել է տուն-թանգարանը։

Տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանն էլ նշում է, որ ցուցադրվող նյութերի ընտրության հարցում շեշտադրվել է եվրոպական միջավայրում Սպենդիարյանի ստեղծագործությունների տարածումը, գնահատումը և նրա ստեղծագործությունների կատարումը եվրոպացի ականավոր երաժիշտ կատարողների, դիրիժորների,պարարվեստի գործիչների կողմից:

Ցուցադրված նյութերի շարքում էր նաև «Ձկնորսն ու փերին» բասի և նվագախմբի համար գրված բալլադի առաջին հրատարակությունը: Բալլադի ստեղծման պատմությունն անչափ ուշագրավ է: Սպենդիարյանը հիշում է, որ Մաքսիմ Գորկու հետ հերթական հանդիպումներից մեկի ժամանակ բանաստեղծը մեղավոր հայացքով նայել է իրեն ու ասել. «Գիտեք, եսբ անաստեղծություններ չեմ գրում: Միևնույն է, Պուշկինի պես չես գրի, իսկ գրել ավելի վատ` կնշանակի վիրավորել Պուշկինի

հիշատակը: … Եվ այնուամենայնիվ, ես մեղանչել եմ բանաստեղծությամբ` գրել եմ «Ձկնորսը և փերին» պոեմը… գուցե այն Ձեզ պիտանի՞լինի երաժշտության համար»:

Սպենդիարյանը վերցրել է այն ու հավանել: «Եվարդեն 1903 թ. Պավլովսկում կատարվում էր իմ «Ձկնորսը և փերին» բալլադը բասի և նվագախմբի համար»,-եզրափակել է կոմպոզիտորը:

Նույն թվականի ապրիլ-մայիսին Մաքսիմ Գորկուն ուղղված նամակում Սպենդիարյանը, ուղարկելով նաև բալլադի պարտիտուրն ու կլավիրը, գրում էր. «Կրկին ի սրտե երախտապարտ եմ, որ առիթ եք տվել գրելու ստեղծագործություններիցս լավագույնը, որն էլ այդ պատճառով ինձ թույլ եմ տվել նվիրել Ձեզ:

Անկեղծորեն նվիրված Ձեզ՝ Ալեքսանդր Սպենդիարով»

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp