Դիմում եմ Ձեզ, սիրելի՛ քաղաքացիներ, հայե՛ր, քանի որ նույնչափ, որքան Դուք, մտահոգ եմ մեր երկրի և՛ ներկայի, և՛ ապագայի համար: Ժամանակն անցնում է, իսկ դա ոչ միայն փող է, այլ նաև՝ դաս, 30 տարին ՝ վեց համալսարան է, և համալսարաններն անշեղորեն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր բարեփոխության արդյունքն արտահայտվում է, ամենաուշը, 5-6 ամսից (հիշենք, թե քանի օրում փլուզեց ԽՍՀՄ տնտեսությունը՝ Ե. Գայդարի «շոկային թերապիան»), իսկ մենք 30 տարի է, ինչ սլանում ենք դեպի Գորիս՝ խոստանալով արագորեն հայտնվել Գյումրիում: Մենք պայքարում էինք հոգևոր ազատության, երկրի տնտեսության մոդերնիզացման, ժողովրդի բարեկեցության բարձրացման համար, և այդ հսկայական խնդիրները «լուծվեցին» մի պատուհասի՝ սեփականատերերի շերտի ստեղծման գաղափարով, այդ շերտին (որի մեջ, իհարկե, «պատահական» մարդիկ գրեթե չկան)՝ հանձնելով հանրապետությունում մի դարի ընթացքում ողջ ժողովրդի կողմից տանջալի աշխատանքով ստեղծված բարիքը: Կարելի՞ է, արդյոք, հարստացնել ժողովուրդին՝ խլելով նրա ունեցվածքը: Կոպեկներով սեփականաշնորհված հարստությունը « նոր կապիտալիստների համար չէր կարող ունենալ կոպեկից ավելի արժեք, և դրա ճիշտ օգտագործման ունակության բացակայության պայմաններում նրանք պետք է այն վաճառեին՝ փոքր-ինչ ավելի գումարով, որը բերեց տնտեսության փոշիացմանն ու ոչնչացմանը: Եթե մեր հարստությունը վաճառվեր իր արժեքով, ոչ ոք այն չէր վերավաճառի: Ականջներս կախեցինք արտասահմանցիների խորհուրդներին՝ մոռանալով, որ ամեն մեկն, առաջին հերթին, իր շահի մասին է մտածում: ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ, արևմտաեվրոպական երկրների արտադրության ծավալներն աճել են 10-25%-ով, իսկ ոչ բարի հարևան Թուրքիայինը՝ գրեթե եռակի: Եվ հիմա մենք չունենք ոչինչ, կորցնում ենք նաև Արցախը, որի համար 30 տարի մնացել ենք սոված ու մրսած, և ամենակարևորը՝ չունենք հայրենի հողից կառչած ժողովուրդ. Հայաստանում կարելի է միանգամից գնել գյուղ կամ փոքր քաղաք ամբողջությամբ, և այս առումով բացատրելի է ահավոր չափերի հասած արտագաղթը (21-րդ դարում՝ նորից պանդխտություն ու ղարիբություն), որն իրավիճակի համապատկերում, ցավոք, կարելի է նաև հայանպաստ համարել, քանի որ, ինչպես ցույց է տալիս Իսրայելի փորձը, Հայոց վերածննդին ավելի շատ կարող է սատարել հարուստ ամերիկահայը, քան աղբանոցում օրվա հաց որոնող հայաստանցին: Առհասարակ, ու՞մ է պետք անզոր հայրենիք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարևանությամբ ու այս ամենի պատճառը սրտացավ ղեկավարության բացակայությունն է, այն ղեկավարության, որը հավատացրել էր, որ կարող է ստեղծել ու իրականացնել առաջընթացի իրական ծրագիր:Դիմելով նոր ծրագրին՝ պետք է որոշել նոր չափանիշներ: Իրականացվող քաղաքականությունից հրաժարվելու անհրաժեշտությունն անկասկած է, բայց անհնար է նաև նախկին անհոգ աշխարհ վերադառնալը, որովհետև եթե խորհրդային կարգերն անթերի լինեին՝ չէին կործանվի. անթերին հավերժ է: Պետք է նոր մոտեցում: Տնտեսագիտության գծով գրվում են բազում աշխատություններ, բայց, ցավոք, դրանք չեն կրում ունիվերսալ բնույթ: Ունիվերսալ է տնտեսության միայն մեկ օրենք. «յուրաքանչյուր գործ պետք է ձեռնատու լինի: Մյուս օրենքները սրա մասնավոր կիրառումներն են, և յուրաքանչյուր կիրառում պահանջում է ստեղծագործական մոտեցում: Եթե կարելի լիներ միայն գրքերում զետեղված բանաձևերով հարց լուծել, այսօր աշխարհի ամեն մի անկյուն վերածված կլիներ ծաղկեփնջի: Եթե տնտեսության օրենքը կիրառվում է խելացի, ստացվում է այնպես, ինչպես Չինաստանում է: Եթե այն կիրառվում է մեր ղեկավարության կողմից, ստացվում է այնպես, ինչպես է հիմա Հայաստանում: Մեր ժողովրդին պետք է ընդհանուր տնտեսական զարգացում և համատարած բարեկեցություն (ոչ թե մի քանի նորաթուխ կապիտալիստներ): Հենց սա պետք է դառնա մեր նպատակը, որից բխում են նրա խնդիրները, առաջին հերթին՝ ամենակարևորը՝ ուժեղ պետություն ունենալը, որը բաղկացած է օրենքից ու տնտեսությունից: Կարելի՞ է, արդյոք, Հայաստանում ստեղծել մի մթնոլորտ, որում բոլորը միանշանակ կձգտեն պետականության ամրապնդմանը: Իհարկե, կիրառել դա մի անհեթեթ մտածելակերպի առկայությամբ, երբ ընտրողն ընտրում է ոչ թե մտավորականին, այլ հարևանին կամ թաղի «լավ» տղային ու դեռ երազում է լավ ապրել՝ ծայրաստիճան դժվար է, և այստեղ կատարման ու պատասխանատվության ամբողջ բեռն ընկնում է ղեկավարների (առաջնորդների) ուսերին, որոնք պետք է լավագույնս օգտագործեն իրենց բախտ վիճակված աստեղային ժամը: Պետք է ոչ թե անտեսել ժողովրդին, այլ ուղի ցույց տալ, նրա մեջ պետական մտածողություն դաստիարակել (իսկ սրա համար անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել մեր կրթական համակարգը): «Ով էշ, մենք՝ փալան» սկզբունքով առաջնորդվելով դժվար է փալանից բացի երկնքից ավելին հուսալ: Այս իրավիճակում պետական այրերի առաջին խնդիրը օրենքին օրենքի ուժ հաղորդելն ու երկրին տեր կանգնելն է: Օրենքն ուժ ունի՝ եթե պաշտպանված է իրական ուժով (զորք, ոստիկանություն, դատախազություն և այլն) և ապահովում է մարդու իրավունքները: Առաջինը կիրականանա, եթե նշված կառույցներն օրենքով լինեն ապաքաղաքականացված: Այն սպան, ով կուզենա մասնակցել քաղաքական կյանքին, պետք է նախապես զորացրվի. սա՝ ռազմական օլիգարխիայից խուսափելու համար, իսկ գերագույն օղակները պետք է սահմանափակվեն իրենց հատկացված դերերով. խորհրդարանն օրենք ընդունի, կառավարությունը դրանք ի կատար ածի, նախագահն այս ամենը վերահսկի: Վեճերի դեպքում իր խոսքն ասի Վճռաբեկ դատարանը: Բայց գերագույն մարմիններն այն պայմաններում միայն հաշտ կապրեն, երբ յուրաքանչյուր կշիռ կունենա իր հակակշիռը, այսինքն՝ կկատարելագործվի Հիմնական Օրենքը: Միգուցե արժե նաև այս մարմիններում աշխատողների, այդ թվում՝ պատգամավորների համար մտցնել կրթական ցե՞նզ, որպեսզի ոմաք բուհ «չընդունվեն» … նախարար դառնալուց հետո: Առհասարակ, կառավարությունը պետք է ձևավորել ոչ թե քաղաքականությամբ զբաղվող, այլ մասնագետ մարդկանցով, այսպիսիններին ընտրելու և նախագահական ու կառավարական «օլիգարխիայից» խուսափելու համար նախագահը պետք է առաջարկի մի քանի անկուսակցական թեկնածու խորհրդարանին, ովքեր հանդես գան ծրագրերով, իսկ խորհրդարանը կավարտի ու կհաստատի նախագահի ընտրությունը: Իշխանություն պետք է ունենան հնարավորին չափ ազնիվ մարդիկ, որպեսզի չթալանեն եղածը, և խելացի մարդիկ, որպեսզի եղածը կրկնապատկեն:Մարդու իրավուքները սոսկ իրավունք չեն, այլ իրական, ամենօրյա հնարավորություն: Նախկինում գրեթե անհնար էր ազատ մեկնել արտասահման, իսկ Մոսկվա, Կիև, Մինսկ՝ խնդրեմ: Իրավունքն իրականացվում էր հնարավորության առկայությամբ: Այժմ ճանապարհը դեպի արտասահման բաց է, բայց չկա հնարավորություն մեկնելու ոչ միայն Ամերիկա, այլ նաև Մոսկվա, Կիև, Մինսկ: Մի՞թե կարելի է համարել, որ մեր իրավունքներն ընդլայնվել են: Մարդն ազատ է, եթե իր հնարավորությունները համապատասխանում են իրավունքներին: Հետաքրքիր է, այն «ազատամիտ» չինովնիկը, ով որոշեց հանել ծննդյան վկայականից ռուսերեն տեքստը, մտածե՞ց, թե ինչ գլխացավանքներ է դա բերում: Մի՞թե չգտնվեց մեկը, որ խորհուրդ տար պարզապես անգլերեն տեքստ ավելացնել: Մարդու իրավունքների բացակայությունը փլուզեց աշխարհի ամենահզոր երկրներից մեկը՝ ԽՍՀՄ-ը, այն կփլուզի Հայաստանն ավելի արագ, քան տնտեսական իրավիճակը:Տնտեսության զարգացման նոր ճանապարհի գաղափար արտահայտել եմ վաղուց՝ առաջարկելով ստեղծել անհարկ տարածություն՝ գործող հարկերի պահպանման պայմաններում, և հետագայում վարել ռեգրեսիվ հարկային քաղաքականություն (թԸ, 30.06.98.): Անանուն պատասխանում (ՀՀ, 29.07.98) չի ժխտվում իմ թեզերից ոչ մեկը: Ամբողջությամբ ուժի մեջ թողնելով այդ կարծիքս, պետք է պնդեմ, որ արտադրությունը նոր թափ կստանա, եթե կիրառենք տնտեսման և նախաձեռնության խրախուսման տարրական սկզբունքները:1998 թվականին Հայաստանի համախառն եկամուտը ընթացիկ տրանսֆերների հետ կազմել է 1.045.000 մլն դրամ, այսինքն՝ դոլարի վերածված ավելի շատ, քան 1988 թ. ՀԽՍՀ բյուջեն: Իսկ ինչպե՞ս ենք ապրել 1988-ին և 1998-ին:1999 թվականին Հայաստանում պետության նախաձեռնությամբ կառուցվել է 39400 մ2 բնակտարածություն, որի 1 մ2 վրա ծախսվել է միջինը 220 ԱՄՆ $: Նույն 1999 թվականին բնակտարածքի 1 մ2 արժեքը անշարժ գույքի շուկայում կազմել է միջինը 47 ԱՄՆ $: Ի՞նչ իմաստ ուներ կառուցել, երբ կարելի էր առանց ժամանակ ու եռանդ վատնելու նույն 1999 թ.-ին գնել 5 անգամ ավելի բնակտարածք և, փաստորեն, լուծել աղետի գոտու խնդիրը: Դեռ չասենք, որ աղետի գոտում 1 մ2 արժեքը տատանվում էր 35-40 ԱՄՆ $-ի սահմաններում: Հանրապետությունում 880 000 գրանցված ընտանիքի համար կա 760 000 տուն և բնակարան, որոնցից մոտ 180000 վաճառվում են: Իհարկե, եթե մտածենք ավելի խելացի, ժողովուրդը լքում է հայրենիքը ոչ թե տուն, այլ աշխատանք չունենալու պատճառով, և ամենանպատակահարմարը՝ գոյություն ունեցող գումարներով ոչ թե բնակարան գնելն է, այլ աշխատատեղեր ստեղծելը: Եվ այսպիսի «թյուրիմացությունները» շատ են: Ո՞ր տերը կվաճառի շահավետ օբյեկտը, օրինակ ԱԷԿ-ը: Նա այն շահավետորեն կշահագործի: Պետության ղեկավարը պետք է հանրային սեփականությանը տեր կանգնի բոլոր առումներով:Արտադրության զարգացումն այսօր ամենակարևոր խնդիրն է: Ինչպե՞ս ստեղծել մի իրավիճակ, որ մենք շահագրգռված լինենք զարգացնելու մեր արդյունաբերությունն ազգովի և յուրաքանչյուրս առանձին-առանձին: Սա է նոր մտածելակերպը: Մի քանի գործարանների համար առավելություններ ստեղծելը, դոտացիաները խորհրդային ամենաարատավոր մոդելներից են և պետական գումարների հափշտակման հոյակապ հնարավորություն: Այս պարագայում պետական մոտեցման ամենակարևոր կետը արտադրողի, մասնագիտական գործունեությամբ զբաղվողի առավելության (շահավետության) ապահովումն է մնացած բնագավառների աշխատողների նկատմամբ, որը կվերացնի այն սոսկալի վիճակը, երբ քաղաքացու համար ամենից եկամտաբերը տնտեսության անեկամտաբեր ոլորտում աշխատելն է (դատախազություն, ներքին գործեր, պետավտոտեսչություն, հարկային տեսչություն և այլն): Մասնագետի համեմատ ոչ մի չինովնիկ, այդ թվում՝ պատգամավոր, չպետք է ունենա ոչ մի առավելություն: Կձգտի՞, արդյոք, ձեռներեցը խորհրդարան՝ ամսական 300 ԱՄՆ $-ի համար, եթե մասնագիտությամբ աշխատելով կվաստակի 400 ԱՄՆ $: Մինչև չգնահատենք մասնագետին՝ չենք ունենա ոչ մասնագետ և ոչ դպրոց:Արտադրության զարգացումն անմիջականորեն կապված է բյուջեի հետ…. ինչ-որ չափով: Առաջին հերթին արտադրելը պետք է ձեռնտու լինի: Եթե ձեռներեցն իմանա, որ իր արտադրությունն իրեն ձեռնտու է, նա ինքը գումար կհայթայթի: Սա է պետության դերը՝ ոչ թե կառավարել, այլ կանոնավորել: Հակառակը, այսօրվա, վիճակում գումարի ներդնումն անիմաստ է. 100 մլն. դրամը կբերի 80 մլն., 1 միլիոնը՝ 800 հազար: Ինչքան քիչ ներդնենք, այնքան շատ կշահենք…. սոսկալի թվաբանություն է:Արտադրության ձեռնտու լինելը կապված է ինքնարժեքի հետ: Պետք է խրախուսել աշխատատեղերի ստեղծումը՝ հարկերի բեռնթափմամբ («որ ժողովուրդը փող ունենա»), իջեցնել էներգակիրների, վառելանյութի գները, որոնք փաստորեն անդամալուծել են մեր տնտեսությունը, հաստատել նրանց, ինչպես նաև այլ ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերի վրա (էլկտրաէներգետիկա, շինարարություն, խմիչքի արտադրություն ու վաճառք և այլն) պետական մենաշնորհ: Սկզբնական շրջանում պետք է խրախուսել ցանկացած արտադրություն, որի պատրաստի արտադրանքը կլինի պարզապես հումքից թանկ: Եվ այստեղ արդեն անհրաժեշտ է ճկուն մաքսային քաղաքականություն, օրինակ՝ ինչպե՞ս կարելի էր թույլ տալ Հայաստան միանգամից մեծ հոսքով կոշիկ ներմուծել, երբ մեր գործարանները դեռ մոդեռնիզացված չէին, և հետևանքը՝ սրանց անգործության մատնվելն է. չէ՞ որ փակ շուկայից բաց շուկա մեկ օրում չեն անցնում, իսկ մաքսային համակարգի իմաստը՝ երկրի ներքին շուկայի պաշտպանությունն է՝ արտաքին ապրանքների ներխուժումից: Զարգացած արտադրական տնտեսություն ստեղծելու համար, իհարկե, գումար է պետք, որովհետև մանր-մունր արհեստանոցներով, հնամաշ հաստոցներով, առանց գիտության, առանց ինժեներական ու բանվորական ուժի վերաորակավորման դժվար է միանգամից էժան արտադրանք տալն ու հզոր հայրենիք երազելը:Որտեղի՞ց փող հայթայթել… իհարկե միայն այնտեղից, որտեղ կա: Հայաստանում շատ փող կա՝ «նոր կապիտալիստների» մոտ, կա նաև ժողովրդի մի մասի ձեռքին, չնչին չափով, բայց կա, միայն անհրաժեշտ են պետական բանկային երաշխիքներ: Սա մասնավոր հարց է, և չեմ անդրադառնում սրան: Եթե լինի երաշխիք, հարուստները կներդնեն գումարները և՚ բանկ, և՚ արտադրություն, որովհետև պարզ է՝ որպեսզի նրանց փողերն աշխատեն, ժողովուրդը պետք է փող ունենա դրանք աշխատեցնելու:Ներքին վարկը պետք է համալրել խելացի հարկային քաղաքականությամբ՝ նպատակ ունենալով իջեցնել պատրաստի արտադրանքի գինը: Գումար կորզելու համար կարելի է, օրինակ, փոփոխություններ մտցնել քրեական օրենսգրքի մեջ, և հասարակական առանձնահատուկ վտանգ չներկայացնող հանցագործությունների դիմաց պատժամիջոց ընտրել գումարի տեսքով՝ հասարակությանը հասցրած վնասի վերականգման հետ միասին: Միևնույն է, այդ բացը վարպետորեն լրացնում են իրավապահ մարմինների աշխատակիցները:Ինչպե՞ս անենք, որ պետական պաշտոնյան ավելի շատ ոչ թե իր, այլ ժողովրդի մասին մտածի՝ ընկալելով իր ապագան ժողովրդի ամբողջական ապագայի մեջ: Ինչպե՞ս փոխենք ժողովրդի հոգեբանությունը, որն այսօր հավատում է միայն պատահականությանն ու ազգովին «ղումար» է խաղում՝ տարբեր «բախտերի» անվան տակ. չէ՞ որ ազգի բախտը օրինաչափ գործողությունների արդյունք է:Չեմ կարող չանդրադառնալ արտաքին վարկերին ու հովանավորություններին, եթե, իհարկե, հնարավոր է՝ ավելի լավ է վարկ չվերցնել, որովհետև դա նույն «տոկոսի տակ ընկնելն» է, որի վերջը կործանումն է երկրի համար, իսկ պետական այրերի համար՝ հարստանալը: Զարմանալի չէ, որ Մ.Գորբաչովը ԽՍՀՄ կործանումը սկսեց վարկ վերցնելուց: Ի՞նչ տվեց մեզ 1992-1999 թթ. 870 մլն դոլարի վարկը, տնտեսության ռազմավարական ո՞ր ճյուղը փրկվեց փլուզումից: Ինչ վերաբերում է հովանավորությանը՝ իսկապես շնորհակալ ենք հոգատարության համար, բայց այն պետք է լինի առանց թելադրանքի և ուղղվի անհրաժեշտ բնագավառներ, օրինակ՝ առաջարկում են կառուցել ծննդատուն (մեր ծննդատների դատարկ լինելու պայմաններում), հիվանդանոց, ամբուլատորիա… տալիս են գումարի 90%, 10 %-ը՝ բնակչության կողմից ներդնելու պայմանով, ընդ որում՝ անպայման պետք է շենք կառուցել և գումարը ծախսել թելադրվող չափանիշներով, չնայած որ նույն չափի շինությունն 3-4 անգամ ավելի էժան է: Բայց ի՞նչ իմաստ ունի կառուցել մի անմիտ շինություն, ասենք ամբուլատորիա՝ հատկացնելով 30000 ԱՄՆ $. չէ՞ որ ամերիկացու համար 27000-ը փող չէ, նա կարող է այն քամուն տալ, իսկ մեզ համար 3000-ը գուցե և վերջին կոպեկներն են:Այլ բան է՝ օգտագործել մասնավոր ներդրումները՝ առաջարկելով մեր ունեցածը՝ շինություն, գույք և այլն: Ներդրումներ կլինեն, եթե լինի պետական երաշխիք, քանի որ յուրաքանչյուր ձեռներեց, դիմելով ռիսկի, կարող է ռիսկի ենթարկել շահույթը, ոչ թե իր «կենդանի» փողերը:Ինչպես տեսնում ենք, ելք կա: Դրա համար անհրաժեշտ է տնտեսական օրենքը ստեղծագործաբար կիրառել: Ուրեմն ստեղծագործաբար կիրառող է պետք, կադրեր՝ կրթված, գիտակ: Ի՞նչ է ստեղծագործելու մի անձնավորություն, եթե ժամանակին չի կարողացել նորմալ դաս սովորել՝ կարդալ և վերարտադրել: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի ավտոմեքենային, եթե այն վարի անփորձ մի մարդ, իսկ եթե դրան գումարենք, որ մեքենան էլ մի բան չի, իսկ ճանապարհը քարքարոտ է….. Իհարկե, ամերիկացիները «օգնում են»՝ մեր ամենատաղանդավոր ուսանողներին հրավիրում են ԱՄՆ կրթվելու: Երևի «կրթվելու» են մեկնում նաև մնացած երիտասարդները: Գուցե: Ցավալին միայն այն է, որ Հայաստանում օբյեկտիվ պայմանների ստեղծման պատճառով, 5 ուսանողից վերադառնում է մեկը՝ մի քանի օրից ԱՄՆ մեկնելու ակնկալիքով, իսկ սեփական նախաձեռնությամբ «սովորելու» մեկնողները չեն վերադառնում, առհասարակ: 1988-ին 18 — 27 տարեկան երիտասարդները Հայաստանում կազմում էին 34%, այսօր նրանք դեռ տեղում մնացած բնակիչների 18%-ն են:Սովորաբար տաղանդավոր մարդիկ քծնող չեն, ճշմարտախոս են, իսկ ճմարտությունը միշտ դառն է, երբեմն՝ սոսկալի դառը, ինչպես Մեծ Հայուհու՝ Սիլվա Կապուտիկյանի խոսքերն են: Չ՚խուսափենք դառնությունից: Այն թույլ է տալիս տեսնել սեփական սխալներն ու որոնել նոր ուղի: Հայ ժողովուրդը կարող է փրկվել միայն համբերությամբ ու խելքով: Չստիպե՛նք բարձրորակ մասնագետներին լքել հայրենիքը, օգտագործե՛նք նրանց կարողությունը:Յուրաքանչյուր ապագա սկսվում է բազմակողմանի մտածված ծրագրից, մոդելից, սկզբունքից, որոնք իրականանում են դժվարությամբ ու բազմաթիվ շեղումներով, և ապագա կունենա այն ժողովուրդը, որը ժամանակին կտեսնի ու կշտկի իր շեղումները: Ապագայի և ներկայի միջև մեկ օր է, այսօրվա մեջ՝ անցած օրն է: Եկեք այսօր ապրենք երեկվանից լավ:
Հարգանքով՝ Վաղարշակ Մադոյան,բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր