Վերջին շրջանում մեր երկրին պատուհասած աղետալի երևույթներն ու իրավիճակները մարդկանց մեջ ավելացրեցին խուճապային տրամադրություններն ու տագնապային զգացողությունները, և այս իրավիճակում վերջերս ստեղծված R5 կենտրոնը, որի նպատակն է՝ ԱԻ ոլորտում գիտելիքների փոխանցումը և անվտանգության ապահովման ծառայությունների մատուցումը, կարևորագույն քայլ է և, բնականաբար, արտակարգ իրավիճակների ոլորտում` իրազեկվածության ու անհրաժեշտ քայլեր կատարելու առումով՝ առաջընթաց:
Մեզ հետ զրույցում, R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի հիմնադիր տնօրեն, ճգնաժամային կառավարման մասնագետ Անի Տերտերյանը նշեց, որ այս նախաձեռնությունն իր ու մի շարք մասնագետների որոշումն էր՝ պայմանավորված վերջին զարգացումներով, հատկապես՝ համաճարակը, ապա հետո նաև պատերազմը ցույց տվեցին, որ իրականում, անկախ նրանից, թե որքան շատ մեթոդներ կան այս ոլորտում՝ սկսած պետական կառույցների կատարած աշխատանքից մինչև ինֆորմացիա տրամադրելը, տարբեր ուսուցման ծրագրեր իրականացնելը, բայց, այդուհանդերձ, բնակչությունն ունի նաև լրացուցիչ գիտելիքների, կոնկրետ հմտությունների, ուսուցման և հատուկ ռեսուրսների կարիք:Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնը, գնահատելով <<Անանիա Շիրակացի>> միջազգային հարաբերությունների համալսարանի պատրաստակամությունը` ուսանողների և դասախոսների անվտանգության ապահովման գործում, հատուկ մեզ համար ներկայացրեց <<Ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժից ուսումնական հաստատություններում>> թեմայով գործողությունների պլանը: <<Ուսումնական հաստատություններում երկրաշարժից պաշտպանվելու գործողությունները պայմանականորեն բաժանենք 3 փուլի՝
• Մինչ երկրաշարժը
• Երկրաշարժի ժամանակ
• Երկրաշարժից հետո Մինչ երկրաշարժը:
Շատ կարևոր է, որ նախքան երկրաշարժն, ուսումնական հաստատության յուրաքանչյուր ուսանող, դասախոս և աշխատակից իմանա տարհանման պլանով նախատեսված ելքերը: Բուհում պարբերաբար պետք է կազմակերպվեն վարժանքներ, որոնք բուհի շահառուների մոտ կձևավորեն հմտություններ, թե ինչպես պետք է վտանգի առկայության դեպքում, արագ լքել շենքը: Արդեն ձեռք բերված փորձը երկրաշարժի դեպքում կօգնի մարդկանց արագ կողմնորոշվել ու ճիշտ երթուղով դուրս գալ շենքից: Անհրաժեշտ է, որպեսզի ուսանողներն իմանան իրենց լսարանների առավել անվտանգ վայրերը՝ ցնցումների ժամանակ պաշտպանվելու համար: Այդպիսի վայրեր կարող են համարվել կրող, հիմնական պատերի անկյունները, սյուների միջև ձևավորված կամարները, ամուր կահույքը (օրինակ՝ ուսանողները ցնցումների ժամանակ կարող են մտնել նաև ամուր սեղանների տակ): Պետք է հիշել, որ հատկապես կարևոր է պաշտպանել գլխի և պարանոցի հատվածը՝ հնարավոր փլուզումների ժամանակ: Անհրաժեշտ է, որպեսզի ուսանողները նախապես տեղեկացված լինեն, թե արտակարգ իրավիճակներում օգնության համար ո՞ր ծառայություններին պետք է դիմեն: Երկրաշարժի ժամանակ՝ շենքը պիտի լքեն միայն 1-ին, 2-րդ հարկերում գտնվող մարդիկ. 3-րդ հարկից բարձր հարկերում գտնվողները պետք է պաշտպանվեն վերոնշյալ վայրերում:
Շենքից դուրս գալով՝ ուսանողները, դասախոսները և աշխատակիցները պետք է հեռանան շենքից և հավաքվեն անվտանգ, բաց տարածությունում: Չի՛ կարելի օգտվել վերելակներից: Ցնցումների ժամանակ չի կարելի գտնվել աստիճանավանդակների վրա, քանի որ վերջիններս չեն համարվում ամուր կառուցատարրեր: Երկրաշարժից հետո՝ եթե մնացել եք շենքում, չի կարելի օգտագործել բաց կրակ (կրակայրիչ և այլ պարագաներ) : Եթե մնացել եք փլատակների տակ՝ փորձեք պահպանել հանգստություն, խնայել ուժերը: Հիշե՛ք, որ ձեզ փնտրում են և շտապում օգնության: Օգնության ձայներ արձակե՛ք միայն այն դեպքում, երբ մոտակայքում մարդկանց ձայներ եք լսում: Բարեհաջող ձևով դուրս գալով շենքից` տարհանման պատասխանատուները պետք է արագ կատարեն ուսանողների, դասախոսների և աշխատակիցների հաշվառում՝ պարզելու համար` արդյո՞ք կան մարդիկ, ովքեր մնացել են ներսում և չեն հասցրել դուրս գալ շենքից: Տուժածներին օգնելու համար բուհը պետք է ունենա նախապես ձևավորված կազմավորումներ, որոնց անդամները պետք է ուսուցանված լինեն՝ առաջին օգնություն և հոգեբանական օգնություն ցուցաբերելու նպատակով: Բուհի անձնակազմը երկրաշարժից հետո պետք է համոզվի, որ շենք մուտք գործելն անվտանգ է և միայն դրանից հետո թույլ տա ուսանողներին վերադառնալ լսարան>>, -տեղեկացրեց R5 Կենտրոնի տնօրեն Ա. Տերտերյանը:
Զրույցը վարեց՝ <<Անանիա Շիրակացի>> համալսարանի հատուկ թղթակից Մերի Եղիազարյանը