Այժմ, ինչպես նաև նախկինում, Հայաստանի Հանրապետության ֆինանսական քաղաքականությունը որոշվում է դոլարի կուրսով, և ժողովրդին համոզել և համոզում են, որ դոլարի կուրսը ցածր է, քանի որ դրամի կուրսն ապահովվում է ներքին տնտեսական քաղաքականությամբ, որը վստահորեն մեր տնտեսությունը տանում է դեպի հաղթանակներ։Իրականում ստացվում է շատ պարզ․ դոլարի կուրսը բարձրանում է, ապրանքի գինը` նույնպես, հետո դոլարի գինն ընկնում է, իսկ գները մնում են բարձր։ Անցնում է որոշ ժամանակ, և ընթացքը կրկնվում է։ Հերթական դոլարի գնի նվազումը պետական տնտեսագետները ներկայացնում են՝ որպես հերթական տնտեսական հաղթանակ, բացարձակ չնշելով, որ այդ «հաղթանակները» գրանցվում են արտաքին պարտքի ծավալման հաշվին, որը ի վերջո կարող է բերել անկախության կորստի։ Ճիշտ է, մեր վերջին իշխանավորները համոզում են, որ դրանք էժան փողեր են, բայց փողը փող է, հարյուր դոլարն էլ՝ միշտ հարյուր դոլար։ Դրանք պետք է ոչ միայն վերադարձնել, այլ նաև դրանց տոկոսները տալ։Իսկ մեզ պե՞տք է էժան դոլարը։ Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, տնտեսության զարգացման համար թանկ դոլար է պետք։ Զարմանալի է, բայց Ճապոնիայի պես հզոր երկրի փողի արժեքը տարեցտարի էժանանում է դոլարի համեմատ․ այսօր մեկ դոլարն արժե 6000 իեն։ Թուրքիան այսօր մտնում է գերտերությունների շարքը․ նրա լիրան օրեցօր էժանանում է, ինչի մասին ուրախությամբ գրում են հայկական թերթերը, իսկ իրականում տխրել է պետք։ Դրան հակառակ՝ Հորդանանի դինարը դոլարից 25 տոկոսով թանկ է, և երկրում չկա էական արտադրություն։ Նույն «փղի» քաղաքականությունը վարում է Վրաստանը, և, չնայած Գերմանիայի մեծ օգնությանը, տնտեսությունն առաջ չի գնում, ինչպես Հայաստանում։Կա նաև այլ գաղտնիք․ փողի գինը կարելի է պահել քիչ փող տպելով։ Հիշու՞մ եք, ինչ արժեր դոլարը հակահեղափոխության առաջին տարիներին։ Ինչու՞։ Որովհետև շատ քիչ էր։ Քիչ փող տպելը ավելի գերադասելի տարբերակ չէ՞, քան արտաքին պարտքեր շալակելը։Խորհրդային տարիներին երկրի հայ ղեկավարության շնորհիվ (Ա․ Միկոյան, Հ․Թևոսյան, Յ․ Զահրոբյան և այլն ) Հայաստանում կար այնքան արտադրություն՝ ինչքան ունեին հարևան հանրապետությունները միասին։ Հիմա չունեն ոչ մեկը, քանի որ վերացվել են արդյունաբերության զարգացման պայմանները։Իսկ ի՞նչն է պատճառը։ Պատճառը ժողովրդի հաշվին կառավարությանը սատարող խավին հարստացնելու միտումն է։ Եթե դոլարը էժան է, կարելի է արտասահմանում էժան ապրանք գնել, Հայաստանում թանկ վաճառել ու էժան դոլար գնել։ Հետո ընթացքը կրկնել, մանավանդ որ այստեղ առանձնապես խելք պետք չէ, իսկ ռիսկ բոլորովին չկա։ Սրանով պետությունը վերականգնում է (պարզ թե թաքնված) օլիգարխների վնասները դրամի արժեզրկումից․ փողը թուղթ է և մշտապես արժեզրկվում է, նաև՝ դոլարը։ Այս պարագայում վատ չէր լինի չեզոքացնել արժեզրկումից առաջացած բնակչության վնասները՝ յուրաքանչյուր ամիս բոլոր վճարումների չափը ըստ արժեզրկման մակարդակի ավելացնելով։ Իրանում Ամերիկյան պատժամիջոցներից հետո դոլարի գինը 3000 թումանից բարձրացավ 5000, սակայն պետության պահանջով (համապատասխան տնտեսական լծակներով) բոլոր ներքին գները մնացին նույն մակարդակին։ Եթե որևէ անհրաժեշտության պատճառով իրանցին մեկնում է արտասահման (բուժվելու, սովորելու), նրան տալիս են հնարավորություն դոլար ձեռք բերել նախկին գնով՝ 3000 թումանով։ Իսկ եթե Իրանի Իսլամական Հանրապետության պես հարուստ երկրին էժան դոլար պետք չէ, ինչո՞ւ է մեզ պետք։
Վաղարշակ Մադոյան