Ինչու՞ Հայաստանում չեն աշխատում արևմտյան օրենքները…

Մեր քաղաքական և իրավական դաշտում ակնառու են զարմանալի անհեթեթություններ։ Մեր Սահմանադրությունն ու օրենքներն անցնում են Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպական մարդու իրավունքների հազար ու մի ատյանների ասեղների ծակից։ Ամեն ինչ գերազանց է, բայց ․․․
Այստեղ կան, ինչպես գրում էին խորհրդային ժամանակներում, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ։
Ամենամեծ օբյեկտիվ պատճառն այն է, որ մեր հասարակությունը զարգացած չէ՝ այն իմաստով, որով դասակարգվում է հասարակությունը իրավագիտության մեջ։ Օրենքները, որոնք մեզ առաջարկում են մեր բարերար եվրոպացիներն ու ամերիկացիները, գրված են զարգացած հասարակության համար։ Ի՞նչ է նշանակում զարգացած և ոչ զարգացած հասարակություն։ Առաջինում յուրաքանչյուր մարդ իր գաղափարախոսությամբ կենտրոնաձիգ է։ Նա ընկալում է, որ օրենքը խախտել չի կարելի․ եթե ինքը խախտում է մի օրենք իր օգտին, հազար մարդ կխախտի հազար օրենք իրենց օգտին, և արդյունքում յուրաքանչյուրն ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ։ Զարգացած հասարակության մեջ «իմ գործը չէ» արտահայտություն գոյություն չունի։ Հիշեք, թե մի քանի տարի առաջ ինչ բողոք բարձրացավ Ֆրանսիայում գողության վայրից ձերբակալված հանցագործի հանդեպ ոստիկանների անտարբեր վերաբերմունքի պատճառով․ հանցագործը մահացել էր, քանի որ նրան ժամանակին բուժօգնություն չէին հասցրել։ Այստեղ հանցագործը կարևոր չէր․ օրենքը խախտելն էր կարևոր։ Վաղը նույնը կարող էր տեղի ունենալ նաև օրինապաշտ քաղաքացու հետ։
Ոչ զարգացած հասարակությունում մարդու մտածողությունը կենտրոնախույս է։ Իր աշխարհի կենտրոնում միայն ինքն է ու իր շահը։ ՀՀ բուհերին տվել են ազատություն, այսինքն ռեկտորին իրավունք են ընձեռնել լավագույն մասնագետներին տալ բարձր աշխատավարձ, խրախուսել նպաստավոր միջոցառումները, առաջ քաշել խելացի և գիտակ աշխատողներին, բարձր վարձատրությամբ այլ հիմնարկություններից գայթակղել աչքի ընկնող մասնագետներին և տեղափոխել իր մոտ ևն։ Իսկ մեր ունեցած իրավիճակում ռեկտորին հետաքրքիր չէ իր մոտ լավ մասնագետ պահելը, քանի որ լավ մասնագետի լեզուն երկար է։ Լավ մասնագետներին բարձր աշխատավարձ տալու փոխարեն, նա լավ աշխատավարձ է տալիս իրեն, իր ընկերներին, լավ մասնագետներին ուղարկելով «հարևանների մոտ» ևն։ Այս հիվանդությունը վերացնելու համար կամ պետք է նոր կարգ ընդունել (ոչ զարգացած հասարակության համար), որտեղ ռեկտորից պահանջել այնքան պատասխանատվություն, որքան իրավունք է տրվել, կամ փոխել բուհի ղեկավարման համակարգն առհասարակ։
Ինչու՞ է ուզում մարդը իր համար առավելություն ձեռք բերել օրենքը խախտելով։ Քանի որ տեսնում է, որ օրենքը բոլորն են խախտում և դրա համար պատիժ չկա։ Վարչական հսկողություն չկա, դատարաններն էլ չեն աշխատում։ Ի՞նչ մարդու իրավունքներ նման պայմաններում։ Առաջինի համար պետք է, որ մի քանի վարչական աշխատողներ իրենց հանցավոր աշխատանքի դիմաց դատվեն, իմանան, որ ապօրինի աշխատանքը պատժելի է։ Սա դաս կլինի բոլորի համար։ Դատարաններն էլ կաշխատեն, եթե դատական նյութերը բաց լինեն (բացի օրենքով նախատեսված սահմանափակումներից) և հաջորդ ատյանի դատարանը միշտ իր եզրակացությունը տա նախորդ դատարանի վճռի մասին։ Ընդ որում՝ դրական պատասխանի դեպքում, պատասխանատվությունը կրում է ոչ թե նախորդ, այլ միայն երկրորդ դատարանի դատավորը։ Իսկ այժմ ինչու՞ պետք է դատավորը վճիռ կայացնի անձի օգտին (ԱՄՆ-ում 50։50% դեպքում վճիռը միշտ անհատի օգտին է), եթե հարցին միջամտել է, օրինակ, նախարարը կամ քավորը, որը վաղը կարող է իրեն օգտակար լինել։ Եթե մի քանի դատավոր իրենց ապօրինի որոշումների համար պատժվեն, մնացածին դաս կլինի։
Իսկ ինչպե՞ս փոխել հասարակությունը։ Համապատասխան օրենքներով և իշխանության կամքով։ Սա էլ սուբյեկտիվ հանգամանքը։ Առաջին՝ պետք է հսկել օրենքը և մտցնել մրցակցություն։ Սահմանադրությունում կա, իսկ կյանքում չկա։ Գազն ու էլեկտրականությունը թանկանում են ոչ թե նրա համար, որ օբյեկտիվ խնդիրներ կան, այլ այն պատճառով, որ համապատասխան հաստատությունների ղեկավար և ոչ ղեկավար անձինք ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան թույլ է տալիս համակարգը։ Ինչու՞ անհատական հեռախոսների և հեռախոսակապի գինն կտրուկ նվազեց։ Մրցակցության հետևանքով։ Իսկ ի՞նչ մրցակցություն, եթե, օրինակ՝ մրցույթի մեկ տեղին հավակնում է մեկ անձ։
Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեր բոլոր օրենքները թերի են, անկախ Վենետիկի հանձնաժողովից, չեն համապատասխանում այն հասարակությանը, որի կյանքը կոչված են կարգավորել։ Այդ պատճառով հասարակությունը չի զարգանում, իսկ մարդը մնում է առանց Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների։

Նանա Սիմոնյանց 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp