Լրագրություն

Լրագրությունը հասարակության աչքերն ու ականջներն են։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում պատրաստում ենք ոչ միայն լրաբեր, այլև քաղաքացիական բարձր մակարդակ ունեցող, հայրենիքին նվիրված ազնիվ և արդար մասնագետ։ Դրա համար համալսարանն ունի բոլոր հնարավորությունները․ ժամանակակից գրականություն, բարձրորակ, երկարամյա փորձ ունեցող դասախոսական կազմ, համապատասխան տեխնիկական միջոցներ։
Այժմ, տեխնիկական միջոցների զարգացումով պայմանավորված փոխվում են նաև լրագրողի պատրաստման ծրագրերը, քանի որ լրագրողը հիմա ավելի շատ լրատվական ինֆորմացիայի վերլուծաբան է, իսկ այս դեպքում նա պետք է տիրապետի այսօրվա մասնագիտական տեխնիկայի բոլոր հնարավորություններին։ Այսօր լրագրողը աշխատում է տարբեր բնագավառներում և տարբեր իրավիճակներում։ Եթե նախկինում ժուռնալիստը կարող էր ձևակերպել իր նյութը տվյալ բնագավառի մասնագետների օգնությամբ, ապա այժմ նա ինքը պետք է խորանա իր նյութի էության մեջ։ Այս կապակցությամբ համալսարանում լրագրության պատրաստման ծրագրերը ամբողջությամբ վերանայվել և թարմացվել են։ Մտցվել են նոր առարկաներ՝ «Լրատվության տեխնիկական միջոցներ», «Լրագրողի անձնական տեխնիկան»։ Որոշ առարկաների ժամաքանակը կրճատվել է, օրինակ՝ «Լրագրության պատմություն» ցիկլից «Խմբագրության աշխատանքի կազմակերպում» ևն, քանի որ այսօրվա տեխնիկական միջոցները թույլ են տալիս կատարել խմբագրության աշխատանքը միանձնյա։
Լրատվության հսկայական հոսքը քշում ու տանում է անորակ կամ ոչ լիարժեք գրված նյութերը։ Նաև այսօր գլխավոր դերը լրագրության հաջողության գործում խաղում է վարպետությունը, որը ձեռք է բերվում երկարատև և խորը ուսման ընթացքում։ Ժուռնալիստը պետք է տեղյակ լինի աշխարհի ոչ միայն ներկա իրադարձություններից, այլև անցյալի, քանի որ յուրաքանչյուր տեղեկատվություն ազդում է մեծ զանգվածների վրա և այն պետք է չափված և ձևված լինի ոչ միայն ժամանակակից քաղաքական և տնտեսական տեսանկյունից։ Այն պետք է համատեղել պատմության հետ, իսկ համատեղելու համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ։
Մեծ տեղ է հատկացվում համալսարանի ծրագրերում Հայաստանի և զարգացած երկրների ԶԼՄ-ների կազմակերպմանը, աշխատանքային ոճին և մրցակցության հարցերին, քանի որ «բաց աշխարհում» այս տնտեսական և լրագրության վարպետության խնդիրները դառնում են ճակատագրական, եթե լրագրության ղեկավարները անտեղյակ են աշխարհի ԶԼՄ-ներից։
Համալսարանը լրագրողների հետ կիրառում է տյուտորական ուսուցում։ Յուրաքանչյուր ուսանող ընդգրկվում է 3-4 հոգանոց խմբում՝ մեկ դասախոսի ղեկավարությամբ, որն անընդհատ հետևում է և խորհուրդներ տալիս իր խմբի անդամներին առանձին-առանձին բոլոր տեսակի աշխատանքների համար։ Ուսանողը տյուտորի միջոցով է լուծում իր հարցերը համալսարանի ղեկավարության հետ, տյուտորի հետ է պատրաստվում քննաշրջանին, նրա հետ է գրում բոլոր տեսակի կուրսային և դիպլոմային աշխատանքները։ Համալսարանն ունի սեփական մամուլ, հրատարակչություն, ինտերնետ-թերթ, որոնք ծառայում են ուսանողներին։ Այստեղ են տպագրվում կամ պատրաստվում էլեկտրոնային վիճակով համալսարանի դասագրքերից շատերը։
Համալսարանի մամուլի ծառայությունում՝ թերթերում և ամսագրում դուք կարող եք տպագրել ոչ միայն լրագրական նյութեր, այլև ձեր գեղարվեստական և գրաքննադատական ստեղծագործությունները։
Կատարելագործե՜ք ձեր տաղանդը մեզ հետ։ Վստահեցե՛ք ձեր ապագան մեզ ու կվստահեք ձերուժերին։
