Իրավագիտություն

iravagitutyun

 

Իրավաբանական ֆակուլտետում սովորում են իրավաբանություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներն
ու դրանց կիրառելու կարգը, առընթեր՝ համաշխարհային օրենսդրության դրվածքը և զարգացումները։ Ուսանողները ծանոթանում են մեր երկրի իրավական դաշտին, փորձում են իրենք մասնակցեն իրավագիտության խնդիրների լուծմանը։ Նրանց հանձնարարվում են ոչ ստանդարտ թեմաներ մտքերի ազատ արտահայտման համար։ Տեսականորեն ուսուցումը հենվում է այսօրվա օրենսդրության սկզբունքներին․
«հանցանքը գնահատվում է հասարակությանը հասցրած վնասով», «թույլատրելի է այն, ինչ արգելված չէ» և այլն։

Դասախոսական կազմում ընդգրկված են Հայաստանի լավագույն մասնագետները։

Ի՞նչ մասնագիտություն պետք է ունենա պատգամավորը։ Առաջին հերթին՝ պետք է լինի իրավաբան, եթե ցանկանում ենք ոտքի հանել մեր երկիրը, ապահովել արդար իրավական դաշտ՝ հավասար բոլորի համար։ 

Բոլոր զարգացած երկրները կարողացել են դառնալ քաղաքակիրթ իրավական դաշտի շնորհիվ։ Իրավաբանական մասնագիտությունը ոչ միայն ապահովում է երկրի օրինականությունը, այլև դաստիարակում է մարդկանց լինել օրինապաշտ․ օրինապաշտությունը մարդու և հասարակության գաղափարական մակարդակի չափանիշն է։ Փորձեք պատկերացնել մեր երկիրը առանց օրենքների, հետո պատկերացրեք, որ բոլոր օրենքները կիրառվում են։ Ձեր աչքի առջև մենք կվերադառնանք քարե դար ու հետո կհայտնվենք դրախտում։ Իսկական դրախտում, որտեղ մարդիկ գնահատվում են ըստ արժանվույն։ 

Օրենք չիմացող մարդը կույր է, և որպեսզի մեր ուսանողը դառնա իսկական իրավաբան և իր հետ դաստիարակի մեր հասարակության «զոհերին», համալսարանում ստեղծված են բոլոր հնարավորությունները․ ժամանակակից և մեծ գրականություն, մշտական իրավաբանական խորհրդատվություն հասարակության համար, մշտական փոխադարձ կապ համալսարանի հետ։ Որպեսզի ուսանողը կարողանա ըմբռնել օրենքի էությունը, համալսարանը կազմակերպում է ուսանողական գիտական նստաշրջաններ։ Շփվելով գիտությանը ուսանողը ընկալում է, որ օրենքները երկնքից չեն ընկնում։ Դրանք գրում են մարդիկ։ Գրում են ոչ միայն ըստ գիտելիքների, այլև ըստ իրենց բարոյական մակարդակի։ Եթե օրենքը վատն է, ուրեմն գրված է կամ ոչ պրոֆեսիոնալ, կամ անբարոյական իրավաբանի կողմից։ Եթե օրենքը չի գործում, խախտվում է, ուրեմն օրենքն է մեղավոր, այլ ոչ թե հասարակությունը, ինչպես մեզ ներկայացնում են։ 

Մեր շրջանավարտներից շատերն աշխատում են իրավաբանական հիմնարկություններում, իրավապահ մարմիններում։ Կան մեր շրջանավարտներից շատերը նաև՝ օրենսդիր մարմիններում։ Սակայն ամենաակտիվները՝ փաստաբան են ու գիտնական։ Եվ նրանց գայթակղում է ոչ թե բարձր վաստակը, այլ այն հետաքրքրությունը, որն առաջանում է դատական կամ գիտական բանավեճի, մրցակցության ընթացքում։
Կյանքը պայքար է, ու մարդը կոփվում է պայքարում՝ առաջին հերթին՝ հանուն օրինականության։ 

Որպեսզի մարդը իրեն անհատ զգա ու մտնի պայքարի մեջ, պետք է սովորի։ Երկար սովորի։ Ամբողջ կյանքը։ Իսկ ամեն ինչ ունի իր սկիզբը։ Մեր սկիզբը՝ մեր համալսարանն է։ Իսկ ուսման վերջ չկա ․․․