Մենք գտնվում ենք սեյսմիկ ակտիվ գոտում և միշտ պետք է պատրաստ լինենք․ ճգնաժամային կառավարման մասնագետ

R5 Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի հիմնադիր տնօրեն, ճգնաժամային կառավարման մասնագետ Անի Տերտերյանը հատուկ մեր համալսարանի համար լրատվական բաժնին տված հարցազրույցում անդրադարձել է արտակարգ իրավիճակներին, դրանց նախորդող և հաջորդող գործողություններին, թե երբ և ինչու են փորձարկվում շչակներն ու էլեկտրաշչակները, և թեմային վերաբերող այլ հարցերին:

«Ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում, ռազմական գործողությունների ժամանակ կարևորագույն գործառույթներից մեկը իրավիճակի վերաբերյալ բնակչության ազդարարումն է: Այս նպատակով ՀՀ ում գործում է ազդանշանի 2 տեսակ՝ «օդային տագնապ» և «ուշադրություն բոլորին…..»: Օդային տագնապը տրվում է բացառապես այն դեպքերում, երբ արդեն եղել է օդային սահմանի անվտանգության խախտում, մնացած բոլոր դեպքերում, որը կարող է լինել թե՛ ռազմական գործողությունների սպառնալիքը, թե՛ որևիցե քիմիական գործարանի պայթյուն կամ ջրածածկման վտանգ և այլն, տրվում է «ուշադրություն բոլորին…..» տեքստային ազդանշանը, որին հաջորդում է կոնկրետ իրավիճակի նկարագրությունն ու այն գործողությունները, որոնք պետք է իրականացնի բնակչությունը: Ձայանային ազդանշաններն, ընդհանուր առմամբ, նման են, բայց ունեն էական տարբերություն. «օդային տագնապ»-ը 3 րոպեն մեկ ընդհատվող ազդանշան է, իսկ «ուշադրություն բոլորին…..»-ը չի ընդհատվում: Այս ազդանշանները բնակչությունը պետք է տրվեն կապի ազդարարման բոլոր միջոցներով, որոնցից ամենաարդյունավետներից են շչակներն ու էլեկտրաշչակները: Մեծ տարածքների համար, քանի որ ձայնի ծածկողականության մակերեսը պետք է մեծ լինի, կիրառվում են էլեկտրաշչակները: Շչակներն ու էլեկտրաշչակները պարբերաբար փորձարկվում են, որպեսզի, նախ՝ բնակչությունը ծանոթանա, վերհիշի, թե ինչ ձայն ունեն դրանք, իմանա իր հստակ գործողությունները տվյալ իրավիճակում, և երկրոդը՝ երբ արդեն որևէ արտակարգ իրավիճակը ստեղծվի՝ տեխնիակական խնդիրներ չառաջանան: Այսինքն՝ սա և՛ ուսուցողական, և՛ տեխնիակական նպատակ է հետապնդում: Ցանկացած դեպքում ԱԻՆ-ը նախապես նախազգուշացնում է, որ ինչ-որ մի տարածքում պետք է փորձարկում իրականցվի և դա արվում է նրա համար, որ բնակչության մոտ ավելորդ խուճապ չառաջանա, ինչպես նաև՝ չկարծեն , թե իրավիճակն իրական է»,- նշեց ճգնաժամային կառավարման մասնագետը :

Մեր այն հարցին, թե բնակչության անհագստությունը տեղին է, և արդյո՞ք հնարավոր է մոտալուտ երկրաշարժի մասին ևս ազդարարում անել՝ տիկին Տերտերյանը պատասխանեց. <<Անհանգստանալ ուսումնական պրոցեսի ընթացքում կամ խաղաղ պայմաններում ազդարարվող շչակներից, իհարկե, չարժե, բայց, համենայնդեպս, դա ևս մեկ անգամ զգոնության կոչ է: Կարծում եմ՝ երեկվա ցնցումների պատճառով, հասկանալի է, որ մարդկանց մոտ կարող է խուճապ առաջանալ, բայց եթե նախօրոք հայտարարված է փորձարկման մասին՝ անհանգստանալու կարիք չկա, պարզապես պետք է իմանալ, որ դա արվում է նրա համար, որ հետագայում անսպասելի իրավիճակները քիչ հավանական լինեն: Երկրաշաժի համար չի կարող լինել ազդարարում, որովհետև դա անկանխատեսելի արտակարգ իրավիճակ է, և, որպես կանոն, երկրաշարժի կարճաժամկետ կանխատեսում չկա: Պարզապես պետք է միշտ հիշել, որ մենք գտնվում ենք սեյսմիկ ակտիվ գոտում և պետք է մշտապես պատրաստ լինենք>>:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp