Մնա՞նք, թե՞ գնանք

ՀՀ Սահմանադրությամբ հայ ժողովրդին տրված է ամենայն ազատություն, բայց իրականում այն չկա, քանի որ ապահովված չէ համապատասխան օրենքներով։ Խելացի քաղաքագետներն ու տնտեսագետները բացատրում են դա նրանով, որ Հայաստանում դեռ գործում է վայրենի կապիտալիզմը, իսկ զարգացած կապիտալիզմին հասնելու համար տարիներ են պետք։ Հայ մարդը այս դեպքում հանում է գլխարկը, երեսը խաչակնքում և ասում․ «Էշ մի սատկի, գարուն կգա», բայց այս «գարունը» կապված է ոչ թե ժամանակի, այլ օրենքների հետ։ Սեփականաշնորհման ժամանակ հայրենիքի հոգսերը հասան բոլորիս, իսկ գործարանները, հանքերը, ռեստորանները և այլ շահութաբեր օբյեկտները՝ միայն ՀՀՇ-ի կողմից նշանակված դրանց ղեկավարներին։ Բավական է այդ ղեկավարներից մեկը թեք նայի կառավարությանը, օբյեկտն անմիջապես փակում են, քանզի պարզվում է, որ դրանց աշխատանքը վտանգ է ներկայացնում ժողովրդի առողջությանը, անկախությանը, կրթությանը՝ ևս։

Ստացվում է՝ քաղաքական հարցեր կարող են լուծել միայն հզոր ֆինանսները, իսկ ֆինանսների բերանը փակ է, քանի որ դրանք կարող են մի վայրկյանում զրոյացվել։ Նման վիճակ է բոլոր երկրներում, այդ թվում՝ զարգացած։ Սրանից խուսափելու համար զարգացած կապիտալի տարածքում ոչ մի կապիտալիստ ոչ մի ընկերությունում 5 տոկոսից ավելի «փայ» չի վերցնում։ Հասկանալի է, որ ոմն մեկի 5 տոկոսի համար ոչ մի կառավարություն ընկերություն փակել չի ցանկանա, մանավանդ, որ այդտեղ կարող են լինել նաև իրենց կողմնակիցների տոկոսները։ Սա ապահովում է մարդու քաղաքական ազատությունը և սրանից բխող հետևանքները։ Բացի այդ, նման մոտեցումն ապահովում է մարդու տնտեսական իրավունքները․ մի ընկերության սնանկ լինելու դեպքում մարդը չի հայտնվի բացարձակ սնանկացած վիճակում․ ռիսկի գործոնը նվազում է։

Այս հանգամանքը վայրենի և զարգացած կապիտալիզմի կարևոր տարբերություններից մեկն է։

Գուցե մենք է՞լ ընդունենք համապատասխան օրենք ու կամաց-կամաց ուղղվենք դեպի զարգացած կապիտալիզմ․․․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp