ՄԵՐ ՀԵՐՈՍԸ. Գրիշա Տոնոյան՝ արժանի հայորդի

Պատերազմյան, հետպատերազմյան, բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ապրող հայ ժողովուրդն այսօր դժվարին կացության մեջ է հայտնվել և հիմա , միասնականություն դրսևորելը, միմյանց ձեռք մեկնելը, օգնելն ու սատար կանգնելը՝ կյանքը բնականոն հունին վերադարձնելու գլխավոր նախապայմանն է։«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի կողմից բարեգործական նպատակով իրականացվող նախաձեռնության, այն է՝ պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած զինվորների անվճար կրթությամբ և կրթաթոշակով ապահովման մասին գիտեն բոլորը, սակայն քչերը գիտեն, թե ում աջակցությամբ է իրականացվում այդ կարևորագույն առաքելությանը։

Գրիշա Սերգեյի Տոնոյանն այն մարդն է, ով հերոսներին, նրանց ընտանիքի անդամներին աջակցելու, օգնելու համար ոչինչ չի խնայում, և ուրեմն, նա էլ մերօրյա հերոսն է, իսկական հայրենասեր, մտածող հայորդի, ով, գտնվելով հայրենիքից դուրս, ամեն ինչ անում է հայրենիքի համար, ամեն օր ապրում է նրա հոգսերով ու խնդիրներով՝ որդեգրելով մի սուրբ գաղափար, որ պետք է թիկունք լինել հայրենիքի զինվորին, մշտապես օգնել ու աջակցել կարիքի մեջ գտնվող մարդկանց։Թե՛ քառօրյա, և թե՛ 44 օրյա պատերազմների ժամանակ Գրիշա Տոնոյանն անգնահատելի օգնություն է ցուցաբերել՝ մեծ քանակությամբ սնունդ, դեղորայք, զրահաբաճկոն, առաջնային անհրաժեշտության իրեր բերելով Հայաստան։ Նա, համագործակցելով մի շարք բժշկական կենտրոնների հետ, իր ուսերին է վերցրել հաշմանդամ դարձած մեր քաջերի պրոթեզավորման ու բուժման ծախսերը։ Տեղահանված ու բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին, մշտապես օգնություն տրամադրելով , փորձել է ինչ-որ կերպ թեթևացնել դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցների հոգսերը։ Նրա շնորհիվ այսօր մեր հերոսներից շատերը քայլում են, լսում և ուսում ստանում։Մեր հայրենասեր բարերարը, մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը՝ կարևորելով կրթված մարդու, մասնագետի տեղն ու դերը երկրի զարգացման, հզորացման գործում։ Կրթության հանդեպ եզակի վերաբերմունքն էլ, թերևս, պայմանավորված է այն հանգամաքով, որ մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ մեծ ուշադրություն են դարձրել կրթությանը, և ծանր պայմաններում անգամ ընտանիքի հայրը հոգացել է, որ իր բոլոր երեխաները կրթված լինեն՝ ամեն կերպ օգնելով ու աջակցելով նրանց։ Արդյունքում՝ Գրիշան գերազանցությամբ ավարտել է Երևանի Բժշկական ու Պոլիտեխնիկական համալսարանները։Հատկանշական է, որ երբ կրթված ու հեռանկարային մասնագետը տեղափոխվել է Մոսկվա աշխատելու՝ չի դադարել մտածել իր երկրամասի մասին, և իր շնորհիվ՝ այդ վատ տարիներին, Բոգդանովկայի շատ դպրոցներ ջեռուցվել են, երեխաները տաք սնունդ են ստացել, ֆինանսապես և աշխատանքային հարցերով օգնել է շատ ընտանիքների։ Իր երկրացիներին էլ հրավիրել է իր մոտ աշխատելու միայն մեկ պարտադիր պայմանով, որ վերադառնան ու իրենց գյուղը ծաղկեցնեն։Հայրենիքի, ծնողների, ծննդավայրի, ուսման ու մարդկանց հանդեպ այդ եզակի սերն էլ հենց պայմանավորում են մեր արժանի հայորդու մարդասիրական ու բարեգործական մղումները։ Նրա շնորհիվ ծանր իրադրության մեջ հայտնված ընտանիքի երեխաների ուսման վարձերի փոխհատուցում է կատարվում, կրթաթոշակներ սահմանվում։«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի հետ համատեղ բարեգործական նախաձեռնության շրջանակներում պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած, եռամսյա դասընթացներն անցած մեր հերոս տղաներին ամեն ամիս կրթաթոշակ է տրամադրվել, որն այս դժվարին պայմաններում մեծ օգնություն է, հույսի մի շող։

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ողջ անձնակազմի անունից, ի դեմս ռեկտոր Վաղարշակ Մադոյանի, շնորհակալություն ենք հայտնում մերօրյա հերոս, բարերար Գրիշա Տոնոյանին՝ հայրենիքին, հային մատուցած ամենամեծ ծառայության՝ մարդուն նեցուկ լինելու համար։Մարդասիրական մոտեցումները միայն հայացքների ու գաղափարների ամբողջությունը չեն, դրանք գործողություններ են, արարքներ, արձագանք օգնության կանչին, իսկ օգնության ձեռքը՝ զորեղ է, ուժ է ու հավատ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp