Քննարկման փուլում է գտնվում բարձրագույն կրթության նոր օրենքի մասին նախագիծը։ Գրեթե բոլոր կարծիքները դրական են, սակայն․․․ Նախ հիշեցնենք, որ բարձրագույն կրթությունը, տնտեսական գործունեության ցանկացած ճյուղի նման, կարող է զարգանալ միայն պահանջարկի դեպքում։ Երկրում, որտեղ չկա արդյունաբերություն, տեխնիկական բուհի գոյությունն անիմաստ է, ինչպես գյուղատնտեսականինը՝ գիտական հիմունքներով գյուղատնտեսության բացակայության պայմաններում։ Չի կարող լինել նաև գիտություն, եթե չկա գիտահետազոտական հիմնարկների ցանց, որոնք կատարում են պետական և ոչ պետական գիտական պատվերներ։ Մնում է միայն մանկավարժության բնագավառը, որին Հայաստանում, նշված պայմանների առկայությամբ, գիտությունն առանձնապես պետք չէ։ Դրա վառ վկայությունն են մեր տասներկուամյա դպրոցների շրջանավարտների գիտելիքները, որոնք էապես զիջում են «բռնապետական» խորհրդային տասնամյա դպրոցի՝ համապատասխան մեթոդաբանությամբ դաստիարակված շրջանավարտների գիտելիքներին։ Հայաստանում այսօր կա միայն առևտրի ոլորտի և սևագործ բանվորի պահանջարկ։ Մնացածը հավերժ նախկին օլիգարխներինն է։ Նման աշխատանք կատարելու համար բարձրագույն կրթություն պետք չէ։ Բուհերը կփակվեն առանց կառավարության օժանդակության։ Եթե չկա բարձրագույն կրթություն, տասներկու տարի դպրոցում սովորելն էլ անիմաստ է,չորս տարին էլ է հերիք։ Գրել, կարդալ, գումարել, հանել, բազմապատկել կարողանալը՝ լրիվ բավարար է շուկայում սեղանիկ պահելու համար։ Եվ մեր ձեռքերով իրականանում է Ադոլֆ Հիտլերի երազած «Բարբարոսսա» պլանը։Բայց, այնուամենայնիվ․․․
Ընդունենք, որ մեր երկիրը դարձնում ենք բարձրագույն կրթության երկիր, և այս օրենքը փրկելու է մեր կրթությունը։ Եթե մենք աշխատում ենք ազատ շուկայական տնտեսական պայմաններում, այն պետք է առաջին հերթին վերացնի լճացումը, ապահովի մրցակցություն և որակ։ Լճացման վերացման մասին կան մի քանի հիշատակումներ (հոդված 4 )։ Շատ փափուկ մոտեցում է, որ հանկարծ ոչ մեկին չնեղացնեն։ Չնայած նախորդ օրենքով ևս նախատեսված էր, որ ռեկտոր կարելի է լինել ընդամենը 2 տարի ժամկետով, մեր ռեկտորները ցմահ էին, քանի որ կարող էին օրենքով փոխել բուհի անվանումը, իրավաբանական կարգավիճակը։ Հայաստանում կան բուհեր, որտեղ ռեկտորը ղեկավարում է 20 տարուց ավելի։ Նոր օրենքում այս երևույթին դիմադրող կետեր չկան։ Կարող ես երկու անգամ զբաղեցնել ռեկտորի պաշտոնը, մի անգամ զիջել ընկերոջդ, հետո նորից տասը տարի կառավարել (հոդված 28․8)։ Այն մասին, որ ռեկտորը պետք է լինի ոչ միայն վարչական աշխատող, այլև գիտության և կրթության բնագավառի առաջնորդ, արդեն մոռացել ենք։70 տարեկան անձը կարող է չզբաղեցնել ղեկավար պաշտոն։ Սակայն նախքան պաշտոնաթող անելը պետք է նրա արժանավայել կյանքն ապահովել՝ եվրոպական մակարդակի թոշակով կամ 2-3 տարի աշխատավարձ վճարելով, մինչև որ նա նոր աշխատանքի անցնի․ այնպես, ինչպես դա արվում է զարգացած երկրներում։ Բայց տարիքն ամենամեծ չարիքը չէ․ մեր բուհերում 1970-1980 թվականներին տեղի ունեցավ սերնդափոխություն, որն ավելի բուռն կերպով շարունակվում է մինչ այսօր․ հայրերին փոխարինեցին որդիները, մայրերին՝ աղջիկները, պապերին՝ թոռները, և որակը վերացավ։ Նոր օրենքն այս հարցի շուրջ լռում է։Մրցակցության մասին կան միայն հիշատակումներ (գուցե Եվրոպային դուր գալու համար)։
Չմոռանանք, որ մրցակցությունը կոռուպցիայից ազատվելու միակ քաղաքակիրթ միջոցն է։ Մինչև 2002 թվականը (մասնավոր բուհերի հավատարմագրումը) ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ ընդունվելն «արժեր» 35 000 ԱՄՆ դոլար, 2002 թվականին այն նվազեց մինչև 15 000-ը։ Սակայն ինչպե՞ս է մրցակցությունն իրականանալու։ Եթե պետական բուհերին իրավունք է տրված իրականում անսահմանափակ ընդունելություն, մասնավոր բուհերը բաժանված են «իմ և քոնի» և նրանց մեծ ու փոքր լինելը կապ չունի աշխատանքի որակի հետ։ Պետությունը աշխատող ձեռքերին ձեռք մեկնելու փոխարեն, աշխատում է պահել եղածի մենաշնորհը։ Դիմորդներն այնքան են պակասել, որ նույնիսկ Երևանի պետական համալսարանն անցյալ տարի երեք անգամ է հայտարարել ընդունելություն։ Իսկ եթե օրենքը չի լուծում մրցակցության հարցը, դա օրենք չէ։Մի քանի տեղ նշվում է որակի ապահովման մասին (հոդվածներ 10, 13), բայց ավելի վատ տարբերակով, քան նախորդ օրենքներում։ Հանձնաժողով, ատեստավորում, հավատարմագրում․․․ Իսկ մեզ հարկավոր է միայն վերջնական արդյունք։ Պետք է ամեն կերպ ընդառաջել բուհերին, որ նրանք բարձր որակ ապահովեն, իսկ դա սիրուն տպած փաստաթղթերի առկայությամբ չի լուծվում։ Օրենքում ոչ մի խոսք չկա նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման, ուսումնական պլանների և ծրագրերի վերանայման, դասավանդվող առարկաների բովանդակության մասին․․․ Բուհերին կարելի է տալ առաջին, երկրորդ կարգ, բայց պետական դիպլոմ տալու իրավունք պետք է ունենա միայն պետությունը, որ չկրկնվի «սիրիական սցենարը»։ Պետք է հավատարմագրել ոչ թե բուհը, այլ շրջանավարտին։ Պետական դիպլոմ ցանկացողը պետք է հաջողությամբ պետական քննություններ հանձնի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովին։ Օրենքը բուհին տալիս է ազատություն։ Նույնը կա նաև գործող օրենքում։ Համեմատեք բուհին տրվող ազատությունները ռեկտորի իրավունքների ու պարտականությունների հետ և կհամոզվեք, որ դա ոչ թե բուհի, այլ ռեկտորի ազատություններն են։ Եվ ամենամեծ ազատությունը՝ խոտան արտադրելն է։ Խորհրդային իշխանության ժամանակ դասախոսը ստանում էր բուհի վարչական կազմի աշխատողի աշխատավարձի կրկնակին, եթե ոչ ավելին։ Եվ պետությունը ստիպում էր նրան զբաղվել գիտությամբ, աշխատել իր որակական մակարդակի բարձրացման վրա։ Ստուգե՛ք ցանկացած բուհ և հարցրե՛ք ռեկտորին, թե ինչու՞ է նրա քարտուղարուհին ստանում ավելի բարձր աշխատավարձ, քան ամբիոնի՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր վարիչը, ինչու՞ է լրավճարներ և պարգևատրումներ, պետական պարգևներ ստացել միայն վարչական կազմը, եթե բուհի առաջնային աշխատողը՝ դասախոսն է։ Նաև եթե հետևենք եվրոպական մտածողությանը, դասախոսների աշխատավարձերի բարձրացումը պետք է նպաստի կաշառակերության վերացմանը (չնայած կյանքի փորձը ցույց է տալիս, որ երկրում կաշառակերությունը վերանում է, եթե կաշառք չի վերցնում ․․․ երկրի ղեկավարը):
Ազատ և հպարտ Հայաստանում մարդու իրավունքները պետք է ավելի հստակեցված լինեին։ Համեմատե՛ք խորհրդային տարիների և այսօրվա պրոֆեսորադասախոսական կազմի վիճակը․ կան ամբիոններ, որոնց անդամները հիմնականում աշխատում են մեկ տարվա պայմանագրերով։ Սա հնարավորություն է տալիս ռեկտորին հաջորդ տարի դուրս շպրտել չհնազանդվող անձանց, այսինքն՝ «աչքից ընկածներին»։ Իսկ աչքից ընկնում են այն մարդիկ, որոնք չեն ուզում խղճի դեմ գնալ, քանի որ նրանց պատրաստվածությունը թույլ է տալիս իրենց հպարտ պահել։ Նրանք էլ, ովքեր տեղ են զբաղեցնում ծանոթության շնորհիվ, միշտ «կարգապահ և հնազանդ են»։ Ռեկտորին տրված են բոլոր իրավունքները, իսկ որակի համար՝ ոչ մի պատասխանատվություն։ Այդ մասին խոսք կա (հոդված 18), բայց խոսքով էլ սահմանափակվում է (մեխանիզմը չկա)։ Ազատ շուկայական հարաբերությունների երկրում, պատասխանատվությունը որոշվում է ֆինանսական տուգանքներով։ Եթե չկա ֆինանսական պատասխանատվություն, ուրեմն պատասխանատվություն չկա առհասարակ։ Խոտան թողարկելու համար ռեկտորը պետք է վճարի իր գրպանից, համապատասխանաբար՝ դեկանն իր հերթին, ամբիոնի վարիչը՝ իր հերթին, դասախոսը՝ իր հերթին։
Իսկ հիմա զարգացման մասին։ Ի՞նչ ուղղություններ պետք է ընդգծեր օրենքը։ Առաջին հերթին դասախոսական կազմի և բուհի ղեկավար մարմինների բաց ընտրություններ։ Պետք չէ կոշկավոր կատվի հեքիաթը պատմել, թե մրցույթը տեղի է ունեցել Կանադայում կամ Բրազիլիայում։ Մրցույթում չհաղթողին պետք է պարզ ապացուցել, թե ինչու՞ են գերադասել այլ անձի։ Պարտվողը կընկալի հաղթողի առավելությունը և կձգտի հաջորդ ընտրություններին մասնակցել ավելի պատրաստված։ Կյանքը կստիպի նրան բարձրացնել պրոֆեսիոնալիզմը։ Հակառակ դեպքում՝ նա դուրս կմղվի ասպարեզից։Ինչու՞ նոր օրենքում չկա գիտությունների դոկտորի կոչում, և ինչու՞ է այդքան ցածր գնահատվում կոչումը։ Երկու պատճառով․ իշխող կուսակցության անդամները հազիվ էին դռնփակ թեկնածուական պաշտպանում, իսկ պաշտպանված ատենախեսությունները միայն անորակ էին։ Եթե խորհրդային իշխանության ժամանակ մեկ ամբիոնում կային լավագույն դեպքում մեկ դոկտոր և մի քանի թեկնածու, ապա հիմա ամբիոնի տասն անդամից հինգը դոկտոր են, մնացածը՝ դոկտորական պաշտպանելու շեմին։ Սա արվեց գիտության մեջ թացն ու չորը իրար խառնելու և «հեղափոխական» անձանց առաջ քաշելու համար։ Գուցե նաև արտասահմանյան «բարեկամների» խորհուրդներով։ Խորհրդային միության օրոք պետությունը գիտնականների առջև խնդիրներ էր դնում ու նաև ատենախոսությունների միջոցով լուծում մեծ գիտական պրոբլեմներ։ Եթե պրոբլեմները վերացել են, ուրեմն կվերանան նաև գիտաշխատողները՝ անկախ նրանց վաստակից, հարգանքից, ազնվությունից․․․ Իհարկե, ավելի հեշտ է գիտությունը վերացնել, բարեկամներին տալ գիտական կոչումներ, կոչման համար էլ 5000 դրամ ամսական, ջերմորեն սեղմել արևմտյան «բարերաների» ձեռքերը, քան փորձել շտկել իրավիճակը՝ խելամիտ կադրային քաղաքականությամբ։Հաջորդ կարևոր խնդիրը, որին օրենքը չի անդրադառնում, դասախոսների (իսկ ընդհանուր առմամբ՝ բոլոր մանկավարժների) աշխատավարձերի բարձացումն է՝ եվրոպական մակարդակի։ Հիշեցնենք, որ ճապոնական հրաշքը սկսվեց մանկավարժական ոլորտի ամենաբարձր ֆինանսավորմամբ։ Զարմանալին այն է, որ դասախոսներն այսօր Հայաստանում ամենանվաստացված, ամենաանպաշտպան խավն են։ Նույնիսկ ուսուցիչները (որոնք նույնպես ամենա անպաշտպանվածներից են) ունեն որոշ սոցիալական փաթեթներից օգտվելու իրավունք։ Դասախոսն այս առումով ոչ մի իրավունք չունի։Հետխորհրդային շրջանում հայտնվեցին լրացուցիչ ղեկավար օղակներ։ Օրինակ, ինչի՞ համար է բուհի հիմնադիրների խորհուրդը, եթե կա գիտխորհուրդ, որն ավելի մասնագիտորեն կորող է լուծել հարցերը։
Պետք է արմատապես փոխել լիցենզավորման և որակի ապահովման ազգային կենտրոնի աշխատանքի բնույթը։ Նրանք պետք է զույգ-զույգ լինեն, որ ապահովվի մրցակցություն։ Նրանք պետք է ոչ միայն հսկեն, այլև օգնեն բուհերին ճիշտ կազմակերպել իրենց աշխատանքը՝ առանց հսկայական մուծումների։ Եթե մեկ մասնագիտության որակավորման համար պետք է մուծել 8 000 000 դրամ, կամ լիցենզավորման հաշվետվությունը մեկ օր ուշացնելու դեպքում՝ 1 000 000 դրամ տուգանք, ապա սա պետական թալան է։ Մի՞թե ինստիտուցիոնալ հավատարմագրմամբ բուհը ստանում է 8 000 000 դրամ շահույթ, կամ հաշվետվությունը մեկ օր ուշացնելու պատճառով պետությունը մեկ բուհից կրում է 1 000 000 դրամի վնաս։ Եթե օրենսդիրը համարում է, որ բուհերի քանակը Հայաստանում բացասական է ազդում կրթության որակի վրա, ապա նա ձգտում է մենաշնորհի։ Եթե բուհերը վատ են աշխատում, դա համապատասխան նախարարության աշխատանքի որակն է։ Վերացրե՛ք կողմնապահությունը, բոլորին տվե՛ք հավասար հնարավորություններ, և մրցակցությամբ պարտված բուհերն իրենք կփակվեն՝ առանց պետության միջամտության, միշտ ասպարեզ կմտնեն նոր հաստատություններ, և որակն անմիջապես կբարձրանա։ Ինչու՞ է այս խնդրի կապակցությամբ լռում օրենքը։
Շուկայական հարաբերությունները ենթադրում են արագ կողմնորոշում, մասնագիտությունների փոփոխություն՝ ըստ պահանջարկի։ Այստեղ պետք է լիցենզավորման շատ ճկուն համակարգ։ Ցավոք, օրենքում նման միտք չկա։Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում պետք է ինտեգրվել համաշխարհային կրթական համակարգին, սակայն մյուս կողմից պետք է պաշտպանել սեփական համակարգի որակական արժեքները։ Եթե Հայաստանում շարունակեն նույն տեմպերով աշխատել ամերիկյան, ռուսաստանյան, ֆրանսիական համալսարանները, ԵՊՀ-ն կարող է դիմորդ չհավաքել նույնիսկ հինգերորդ փորձից։ Իսկ մենք դրսում չունենք ոչ մի մասնաճյուղ (մեր երեք տարվա ջանքերը՝ Իրանում ստեղծելու «Անանիա Շիրակացի» համալսարանի մասնաճյուղ, ավարտվեցին ապարդյուն․ հարևան երկրի պետությունը թույլ չտվեց մեզ ներխուժել իրենց շուկա)։ Եվ հիմնական պատճառն այն է, որ Հայսատանի՝ օտարերկրյա բուհերում ստիպում են օտար լեզվով սովորել։ Առաջ մեր ժողովուրդը, գրեթե ամբողջությամբ, տիրապետում էր ռուսերենին։ Մեզ թելադրված սցենարով՝ ռուսերենին պետք է փոխարիներ անգլերենը, սակայն ռուսերենը վերացավ, իսկ անգլերեն չիմացանք։ Այս դեպքում ու՞մ են պետք 12 տարին դպրոցում և ձևական օտար լեզուների ուսուցումը բուհում։Օրենքը ոչ մի հարց չի լուծում նաև դասախոսական կազմի որակի բարձրացման և բուհի նյութատեխնիկական հագեցվածության առումով։ Ի՞նչ առաջխաղացում և գիտություն, եթե մեր գրադարանների ռուսերեն գիտական գրականությունը հնացած է, ինչպես նաև համացանցում տեղադրված անգլերենը։ Նորը միայն վճարովի է՝ ամերիկյան գներով։ Եթե խոսում ենք համաշխարհային մակարդակի մասին, ինչպիսին են մեր ղեկավարների աշխատավարձերը, բուհերին պետք է օժանդակել, որպեսզի փորձառու դասախոսները անգլերեն սովորեն, իսկ երիտասարդները վերապատրաստվեն արտասահմանում, որպեսզի նորագույն գրականություն ընթերցեն։ Բացի այդ, լավ կլիներ վարչական կազմին պարգևատրումներ տալու փոխարեն, ռեկտորները նոր ուսումնական և գիտական սարքավորումներ գնեին։
Մեզ հասած տեղեկություններով՝ կառավարությունը խնդիր է դրել վերացնել մասնավոր բուհերը (կամ սրանցից «ոչ մերոնքականները»), իսկ պետական բուհերից թողնել հինգը։ Երևի այդ «խորհուրդը տալիս են» մեր «խելացի արտասահմանյան բարեկամները» և արդեն համապատասխան գումար էլ տվել են «բարեփոխումներ» անցկացնելու համար։ Մեր կարծիքով սա սպառման շուկայի վերացման սովորական քաղաքականություն է, ինչպիսին էր մեր արդյունաբերության ու գյուղատնտեսության «օպտիմիզացումը»։ Խորհրդային տարածքը հետխորհրդային շրջանում արևելյան երկրների երիտասարդներին տվեց հարմար և էժան կրթություն ստանալու հնարավորություն։ Եվ մեր տված կրթությունն այսօր բավարար է արևմտյան այդ երկրների համար։ Բաց շուկայական տնտեսության առումով մենք Եվրոպայից խլել ենք սպառող, ստիպել ենք էժանացնել որոշ մասնագիտությունների ուսման վարձերը։ Այստեղից հասկանալի է՝ ինչի՞ն են ուղղված մեր բարերարների խորհուրդները։ Անգլիական իմաստությունն ասում է․ «Անվճար պանիրը միայն թակարդում է»։ Չգիտենք, թե ինչքանով են համապատասխանում եվրոպական շրջանավարտների գիտելիքներն իրենց փաստաթղթերում գրանցված պահանջներին, սակայն, եթե նաև մեր այսօրվա գիտելիքները ցածր են, պետք չէ գնալ ազգային կրթությունը վերացնելու ճանապարհով։ Եթե անհրաժեշտություն կա նաև ինչ-որ բան վերցնել արևմտյան դպրոցից, պետք է վեցնել լավը։ Օրինակ՝ արտասահմանում աշխատում են լավագույն ուսանողների հետ (իսկապես լավագույն), ուսման ընթացքում նրանց հետ պայմանագրեր կնքում՝ հետագայում բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու համար։ Մեզ մոտ քաղաքացիական հասարակություն ձևավորված չէ։ Լավագույն մասնագետը կա’մ լքում է երկիրը, կա’մ զբաղվում ոչ մասնագիտական աշխատանքով։ Եկե՛ք աշխատենք լավերի հետ, քանի որ ազգի որակը որոշվում է գիտության, արդյունաբերության զարգացվածության, գրականության, արվեստի մակարդակով, ոչ թե ձևական «բարձրագույն կրթություն» ստացածների զանգվածով։Սրանք օրենքի քաղաքանությանը վերաբերող դիտողություններ են։ Մանրամասներին կարելի է անդրադառնալ ավելի ուշ։
Բացի այդ, կարելի է տասն օրենք փոխել։ Ոչ մի բան չի փոխվի։ Պետք է օրենքը հսկել, որ նա ի կատար ածվի։ Այն պետք է լինի բոլորի համար։ Եթե օրենքը մեկի համար կա, մյուսի՝ ոչ, ուրեմն այն գոյություն չունի։
1․Վաղարշակ Մադոյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավաբանության դոցենտ, հեռ․ 091 212165,
2․Բելլա Բագրատունի, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հեռ․ 055 581129,
3․Պետրոս Համբարձումյան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ հեռ․ 093 734040,
4․ Արմեն Բաբայան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, հեռ․ 099 426236
5․Վոլոդյա Մանասյան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, հեռ․ 093 632065,
6․Նանա Սիմոնյանց, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, հեռ․ 093 370804,
7․ Ալեքսանդր Տեր-Թադևոսյան, «Ռինգ» հանդեսի գլխավոր խմբագիր, հեռ․ 096 6677728․
8. Արմինե Վանյան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հեռ․091 576191
9. Վլադիմիր Բանգոյան, ինժեներ, ազատամարտիկ, հեռ․ 099 608670․
10. Մկրտչյան Աբգար Մկրտչի, տնտեսագետ-ֆինանսիստ, հեռ․ 077 426002