Մեր զրուցակիցն է «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավաբանության դոցենտ Վաղարշակ Մադոյանը։ Պրոֆեսորի հետ զրուցել ենք մեր երկրում ծառացած խնդիրների, դրանց հնարավոր լուծումների, ապագայի ծրագրերի մասին։ Պարոն Մադոյան,
Հայաստանի Հանրապետությունն այսօր գտնվում է ծանր ճգնաժամային վիճակում։ Ի՞նչ քայլեր է կատարում համալսարանն ի նպաստ հայրենիքի։
Համալսարանն, իհարկե, քաղաքական կազմակերպություն չէ, և այն կարող է միայն նպաստել մեր ժողովրդի որևէ խնդրի լուծմանը։ Չնայած մեր սակավ հնարավորություններին, համալսարանն ակտիվ մասնակցեց պատերազմի օրերին կազմակերպվող դրամահավաքին, ֆինանսական օգնություն հատկացրեց վիրավորված ազատամարտիկներին, այժմ օգնում է անօթևան մնացած շուշեցիներին՝ շաբաթական մեկ օր ապահովելով 43 հոգու օրապահիկը։ Բավականին արդյունավետ ծրագիր ունենք․ անվճար կրթությամբ ապահովել վիրավորված զինվորներին և ազատամարտիկներին, որպեսզի նրանք կարողանան արժանավայել կյանք վարել։ Ուսուցումը կազմակերպում ենք մեր ուժերով, իսկ Մոսկվայի որոշ հայ կազմակերպություններ խոստացել են տալ նաև կրթաթոշակ։ Այդ հարցով դիմեցինք պետական մարմիններին, սակայն ապարդյուն։ Այսօր այս ծրագրով գրանցվել են 11 հաշմանդամ, բայց վստահ ենք, որ նրանց թիվը կավելանա։ Մենք պատրաստ ենք ծրագրի առաջին մասով ապահովել 100 հաշմանդամների անվճար կրթությունը։
Իսկ ինչո՞վ եք բացատրում այն, որ դիմողները քիչ են. չէ՞ որ 90-ական թվականներին արցախցի ուսանողների համար անվճար ուսուցման համալսարանական ծրագիրը լայն արձագանք գտավ Ղարաբաղում։
Երկու հանգամանքով։ Առաջինը․ ժողովրդին այնքան են խաբել, որ նա կորցրել է իր հավատը ցանկացած կազմակերպության նկատմամբ, մանավանդ, որ կազմակերպությունների մեծամասնությունը միշտ գործել են իրենց շահերից ելնելով։ Երկրորդը․ պատերազմը նոր է ավարտվել, և մենք բոլորս դեռ շոկի մեջ ենք, քանի որ կապիտուլյացիա չէր սպասում ողջ ողջամիտ աշխարհը։
Դուք բավականին ակտիվ արձագանքեցիք Նիկոլ Փաշինյանի կատարած իշխանափոխությանը։ Ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այսօր։
Այո, ես և ինձ նման մի քանի միամիտներ հավատացինք նրա խոստումներին՝ վերացնել կաշառքը, կողմնապաշտությունը, թալանը, իրական քայլեր կատարել տնտեսության զարգացման ուղղությամբ։ Կաշառքը չվերացավ, կողմնապաշտությունն ու թալանը ևս, սառեցվեց տնտեսական կյանքը։ Փոխարենը՝ նրա «առաջադիմական, ժողովրդավարական» քաղաքականության շնորհիվ կորցրեցինք Արցախը և մեր ազգային պատիվը։
Այժմ նախկին իշխանությունները փորձում են վերադառնալ և իրենց ձեռքը վերցնել պետության ղեկը։ Ձեր կարծիքը ընթացիկ իրադարձությունների մասին։
Այս հարցը շատ խորն է, որպեսզի կարողանամ պատասխանել մի քանի բառով։ Միայն պետք է ասել, որ սա շատ նման է Բժեզինսկու մշակված քաղաքական խաղերին։ Փաշինյանը եկել է իշխանության երկրի նախկին «տերերի» համաձայնությամբ և , կասեի , նրանց քաղաքականության արդյունքում։ Կարելի էր մի փոքր քիչ կաշառք վերցնել, քիչ կողմնապաշտություն անել, քիչ թալանել երկիրը, և Նիկոլ Փաշինյանը նման «քայլ» կատարել չէր կարող։ Նա շարունակում է ՀՀՇ-ի որդեգրած քաղաքականությունը․ պետական կառավարումը հանձնել փողոցի ամբոխին, որը, չունենալով մասնագիտական ունակություններ, կյանքի փորձ, համապատասխան բարոյական մակարդակ, Հայաստանը վերածում է քաոսի։
Նախորդ իշխանությունների օրոք Դուք մի քանի անգամ դիմել եք դատարան՝ կրթության և գիտության նախարարության դեմ, և հաղթել։ Այժմ Դուք կրկին ունեք հայց այդ կազմակերպության դեմ։ Ի՞նչ արդյունքների եք հասել։
Այո, նախորդ իշխանությունների օրոք երկու անգամ համալսարանը դիմել է դատարան և հաղթել։ Այժմ մենք չենք կարող հասնել արդարության՝ ակնհայտորեն արդար լինելով։ Երեք անգամ դիմել ենք նոր լիցենզիաներ ստանալու համար և մերժվել, քանի որ երկրի ղեկավարության կարծիքը տարբերվում է օրենքների կարծիքից։ Բա ու՞ր մնացին արդարության մասին խոստումները։ Կամ ինչու՞ է խախտվում դատական մարմինների անկախությունը։
Եվ ի՞նչ ապագա եք տեսնում համալսարանի և երկրի համար։
Պատերազմի պարտության, երկրում տիրող իրավիճակի և համալսարանի խնդիրների միջև անմիջական կապ կա․ երկրում օրենք գոյություն չունի․ և այն պատճառով, որ օրենքին տեր կանգնող չի եղել, և այն պատճառով, որ բոլոր օրենքները գրված են իշխանության ղեկին կանգնածների, այլ ոչ թե ժողովրդի համար։ Չկա մի օրենք, որը թույլ չտա այն շրջանցել։ Համալսարանի ճակատագիրը կապված է երկրի ճակատագրի հետ։ Ես լավատես եմ, և հուսով եմ՝ մեր ժողովուրդն այս անգամ կլինի ողջամիտ։