Ընթերցենք միասին….

Ընտանիքը, տղա՛ս, ճիշտ ու սխալի, արդարի ու անարդարի, չարի ու բարու հարթակ չէ, ընտանիքը շատ կողմերով իրարից տարբեր մարդկանց միությունն է, որտեղ բոլորն ավելի շատ սիրում են միմյանց թերությունները, քան առավելությունները, որտեղ մեկի ցավը բոլորի ողբերգությունն է, հաջողությունը՝ բոլորի երջանկությունը։ Ընտանիքը սեր ու խնամք է քեզանից մեծի ու քեզանից փոքրի նկատմամբ։ Ընտանիքը տատից հարսիկին, նրանից էլ թոռնուհուն անցնող խոսքկապի մատանի է, պապից որդուն, որդուց էլ թոռանն անցնող արժանապատիվ անուն, ազգանուն։

Ընտանիքն այն է, երբ կորուստներն ու ձեռքբերումները դառնում են ընդհանուր ափսոսանքի կամ համատեղ ոգևորության պատմություն։ Երբ մեկի պակասն ու բացակայությունը երբեք որևէ այլ մեկով չի լրացվում, իսկ ընդմիշտ հեռացածին փոխարինում են պատի լուսանկարից մյուսներին նայող նրա հայացքի տակ հազարերորդ անգամ կրկնվող նրա մասին ջերմ պատմություններով ու հիշողություններով։ Որդի՛ս, ընտանիքն այն է, երբ դրսում գտնվող տան անդամին մյուսները մինչև ուշ գիշեր անհամբեր սպասում, համատեղ դիմավորում, կերակրում և միայն դրանից հետո տան դուռը կողպելով` կարողանում են հանգիստ քուն մտնել…

Մուշեղ Բաբայան «Հորիզոնին չհասած»

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp