Դեցիդոֆոբիա ՝ վախ որոշում կայացնելուց

Դեցիդոֆոբիան վախն է որոշումներ կայացնելուց: Սա այն դեպքն է, երբ ընտրության հետ կապված ցանկացած իրավիճակ մարդու համար անտանելի սթրես է և բոլորովին էլ նշանակություն չունի ՝ խոսքը գլոբա՞լ, թե՞ ամենահասարակ հարցերի մասին է:Որոշումների կայացումը ներքին հզոր լարվածությամբ ուղեկցվելը կարող է մի քանի պատճառ ունենալ.

Վախ սխալվելուց — Ընտրությունը միշտ էլ դժվար է, քանի որ մենք չգիտենք, թե տարբերակներից որը կհանգեցնի լավագույն արդյունքի և միշտ սխալվելու վտանգ կա: Այնուամենայնիվ, եթե որոշ մարդիկ կարողանում են արագորեն կշռելով դրական ու բացասական կողմերը կամ պարզապես լսելով իրենց ներքին ձայնին՝ նախապատվություն տալ տարբերակներից որևէ մեկին և այլևս չմտածել դրա մասին, ապա մյուսները կվարանեն մինչև վերջ ՝ անընդհատ իրենց մեջ զարգացնելով անհանգստության գիտակցումը, որ կարող են սխալ ընտրություն կատարել:

Պատասխանատվության վախ— «Եթե ես ​​որոշում կայացնեմ, ես պատասխանատու եմ այդ որոշման բոլոր հետևանքների համար: Եթե որոշումը ճիշտ լինի՝ կշահեմ, եթե ոչ…այդ ժամանակ ամեն ինչ իմ գլխին «կջարդվի» , և ես բոլորին կհիասթափեցնեմ ու կհայտնվեմ հիմար դրության մեջ»,- ահա հենց այսպես են մտածում վախի պատճառային այս տեսակով տառապող մարդիկ:

Վախ ազատության կորստից — Շատերը վախենում են որոշումներ կայացնել, քանի որ նախապատվությունը տալով մեկ տարբերակի ՝ կբացառեն բոլոր մյուսները: Եվ այս ընտրված տարբերակը կսահմանափակի գործողության ազատությունը…. բայց չէ՞ որ մեր ազատությունը հենց ընտրություն կատարելու մեջ է, և ընտրություն չկատարելով, պարզապես, զրկում ենք մեզ ազատությունից:

Վախ միայնությունից — Ընտրության պահը նաև մարդու այն գիտակցումն է, որ բացի իրենից ոչ ոք պատասխանատվություն չի կրում իր կյանքի համար. «Ես ու միայն ես եմ դա ստեղծում: Բոլոր որոշումները կայացնում եմ միայն ես: Եթե ​​ես որոշեմ այս լիազորությունները ինչ-որ մեկին փոխանցել, ապա սա նույնպես որոշում է, և դա կայացվել է հենց միայն իմ կողմից»: Այս ամենի մասին մշտապես խորհելը հաճախ հանգեցնում է լիակատար մենության զգացման, որից ուզում ենք ազատվել: Եվ այդ ժամանակ անձը ցանկապատված է սկզբունքորեն ցանկացած որոշում կայացնելուց:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

× Whatsapp